🔴🔴🔴 Հարգարժան գործընկերներ, խնդրում եմ, թեմաները, բովանդակությունը, շեշտադրումները այլ տեղերում օգտագործելիս, մի զլացեք՝ արեք հղում:
Читать полностью…💥 Շարունակելով ամերիկյան թեման, այսօր տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի ԱՊ քարտուղարը հանդիպել է Save Armenia հուդայա-քրիստոնեականա միության պատվիրակության հետ, նրանց ներկայացրել հայ-ադրբեջանական պրոցեսը, նաեւ խոսել հայ-ամերիկյան հարաբերության խորացման մասին:
Save Armenia հուդայա-քրիստոնեականա միությանն անդամակցում են տարբեր գործիչներ: Դժվար է ասել՝ սա Հայաստանի շահերի լոբբինգով զբաղված կազմակերպություն է՞, թե Հայաստանում այլ շահերի լոբբինգի համար ստեղծված կառույց:
Բայց հատկանշական է այն «կրոնական» շրջանակը, որ ձեւավորվել է Հայաստանի շուրջ այդ իմաստով: Մասնավորապես, Save Armenia հուդայա-քրիստոնեականա միություն խորհրդի անդամ է օրինակ Սեմ Բրաունբեքը, որը Կրոնական ազատությունների ալյանսի համանախագահ է:
Ի դեպ, Բրաունբեքը Հայաստանում էր մայիսի 27-ին, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես ուշադրության եմ արժանացրել այդ հանգամանքը, համադրելով ՀԱԵ ղեկավարության, փաստացի ՀԱԵ դեմ Նիկոլ Փաշինյանի ակտիվ եւ կոշտ գործողությունների մեկնարկի ժամանակագրության հետ: Իր կոշտ ելույթներն ու գրառումները Նիկոլ Փաշինյանը սկսել է Երեւանում Բրաունբեքի այցից ու նրա հետ հանդիպումից անմիջապես հետո:
Save Armenia հուդայա-քրիստոնեականա միությունը հավաք էր կազմակերպել 2025 թվականի փետրվարին, Վաշինգտոնում՝ Նիկոլ Փաշինյանիի այցի առնչությամբ: Փաշինյանը բնականաբար մասնակցել է այդ հավաքին: Ի դեպ, Հայաստանում շատ ուշադրության արժանացավ եւ այն, որ Փաշինյանի մասնակցությամբ այդ հավաքին ներկա էր եղել նաեւ Կյանքի խոսք կրոնական կազմակերպության հայաստանյան կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ Փաշինյանի ձեռքսեղմման լուսանկարը տեղ էր գտել Save Armenia հուդայա-քրիստոնեականա միության կազմակերպած այդ միջոցառման մասին պատմող կառավարության լուսանկարների շարքում:
Վաշինգտոն այցը Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովի եւ Ազգային աղոթքի նախաճաշի առիթով էր: Այդ այցի ընթացքում էր, ավելի շուտ այցի ամենավերջին օրն էր ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի հետ աղմուկ հանած հանդիպումը, որից տարածվել էր ըստ էության ոտքի վրա արված մի «անխնամ լուսանկար»:
Վերադառնալով Save Armenia-ին, կրկնեմ, բավականին անորոշ է այս կառույցի էֆեկտը Հայաստանի համար: Գուցե այն կա, բայց համենայն դեպս կա նաեւ որոշակի խորհրդավորության ու խորհրդապահության շղարշը:
Օրինակ, այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել բոլորովին վերջերս մի ուշագրավ հաղորդագրություն, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպում էր ունեցել պետքարտուղարության կրոնական ազատությունների հարցերով ավագ խորհրդատուի հետ: Այս մասին անդրադարձիս հղումը վերեւում է👆:
Ես բազմիցս խոսել եմ այս մասին: Հայաստանում կրոնական ազատությունների ի՞նչ խնդիր կա, որ նկատելի է այդ թեմայով հայ-ամերիկյան պարբերական խոսակցություն: Այդ թեման մայիսին շոշափվել էր նաեւ պետքարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով տեղակալի հայաստանյան այցի ընթացքում:
Ի՞նչ նպատակով է այդ հանգամանքի կենտրոնացում հայ-ամերիկյան խոսակցություններում, երբ հայ-ամերիկյան օրակարգի առումով կա խոսակցության եւ քննարկումների արժանի շատ ավելի կարեւոր եւ էական հարցերի լայն շրջանակ:🇦🇲🇺🇸
👆💥👆 Այս թեմայով իհարկե կարելի է ծավալվել շատ:
Ինքս հակված եմ կարծել, որ այդուամեննայնիվ հարցն ավելի շատ խաղարկվում է տեղեկատվական տիրույթում՝ հարակից էֆեկտների համար, քան ըստ էության առաջնահերթ ուղենշային է Թրամպի քաղաքականության համակարգում:
Համենայն դեպս, նկատենք, որ ամերիկյան մոտեցումների դրսեւորումները մենք ավելի շատ տեսնում ենք տեղեկատվական հարթակների միջոցով, քան պետական ֆունկցիոնալության. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հարցազրույցի միջոցով է ինչ որ մտքեր հանրայնացնում, հետո սենատորը հոդվածի միջոցով է դիրքորոշում որոշակիացնում, Քարնեգի հիմնադրամի հոդվածով է ամերիկյան առաջարկի թեման շրջանառվում:
Որպես կանոն, եթե կա ակտիվ դիվանագիտական աշխատանք՝ թե հակամարտ կողմերում բարդ, թե նաեւ աշխարհաքաղաքական շահառուների շահերի բարդ հանգույցով խնդիրների վերաբերյալ, թերեւս հնարավորինս քիչ կլինի բարդ թեմաների ինֆորմացիոն ուղեկցում: Ինֆորմացիան այդպիսի դեպքերում ավելի շատ խանգարում է, ստեղծում ավելորդ մեծ ու փոքր արգելքներ, քան նպաստում դիվանագիտության առաջմղմանը:
Հետեւաբար, համարձակվում եմ եզրակացնել, որ, եթե կա ինֆորմացիոն ակտիվություն, ապա բուն դիվանագիտաական քաղաքական ակտիվությունը բոլորովին այլ ուղղությունների հաշվարկով է, քան այն ուղղությունը, որ ներկայացվում է ինֆորմացիոն դաշտում:
Սա իհարկե իմ դիտարկումն է, այլ ոչ թե պնդումը: Բայց, համենայն դեպս ես մեղմ ասած չէի շտապի հայ-ամերիկյան ինֆորմացիոն ակտիվությունը նույնացնել ամերիկյան քաղաքական-դիվանագիտական ակտիվության հետ:
Նախօրեին Առաջին լրատվականի տաղավարում զրույցի ընթացքում անդրադարձա այս թեմային՝ հղումը կարող եք գտնել ալիքում, մատնանշելով, որ, օրինակ Բայդենի վարչակազմի գործուն ակտիվությունը միանգամայն նկատելի էր: Նկատելի էր ոչ թե հարցազրույցներով ու հոդվածներով, այլ պետքարտուղարության կոնկրետ դիվանագիտական աշխատանքով:
Դիվանագիտությունն իհարկե զգալիոորեն այսպես ասած հետնաբեմային աշխատանք է, բայց իր բովանդակության, քննարկումների մասով, այլ ոչ թե այսպես ասած գաղտնիության: Դիվանագիտական շարժերը չեն կարող չլինել նկատելի: Հանրության համար փակ կարող են լինել բովանդակությունը, ոչ թե շարժերը: Աննկատ շարժերով աչքի են ընկնում հատուկ ծառայությունները:
💥 👆👆 Երբ ԱՄՆ պես գերտերության հսկա կառուցվածքում կարող է բացակայել որեւէ հարցի վերաբերյալ համակարգային մոտեցումը եւ ներդաշնակությունը ինստիտուտների ներսում ու դրանց միջեւ, սա իհարկե այդ խոշոր խաղացողին դարձնում է որոշակիորեն անկանխատեսելի:
Անկանխատեսելի իր մասշտաբով իհարկե, այլ ոչ թե այսպես ասած սովորական պատկերացմամբ: Բայց, դա բարդացնում է աշխատանքը այդ խոշոր խաղացողի հետ, որի ներսում կան իհարկե շահերի կրող մի քանի խոշոր խմբեր, ինչը շատ բնական է այդպիսի մասշտաբի խաղացողների պարագայում: Բայց, հենց դրա համար է նաեւ կարեւոր, որպեսզի այդ պարագայում գործի այդ խմբերի համակարգման եւ համադրման կառավարման որոշակի ուղղահայաց:
Սա ես խոսում եմ Հայաստանի դիտանկյունից, որովհետեւ ինքնին ԱՄՆ համար դա խնդիր չէ, իրենք չեն զգում այդ պատկերի բարդությունը, այլ այն երկրները, հատկապես փոքր, որոնց հետ իրենք գործ են ունենում: Սա իմիջայլոց: Հաջորդիվ անդրադառնամ այն բովանդակությանը, որ Միջին միջանցքի վերաբերյալ ներկայացնում է սենատորը:👇👇
💥 Ռոյթերզը հաղորդում է, որ հուլիսի 31-ին Մոսկվա է ժամանում Սիրիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը: Դա Սիրիայից Մոսկվա ժամանող առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է նախորդ տարի նոյեմբեր-դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից ու Բաշար Ասադի անկումից հետո:
Հիշենք, ի դեպ, որ Բաշար Ասադը այդ իրադարձություններից հետո տեղափոխվեց Մոսկվա եւ այնտեղ է գտնվում առ այսօր, թեեւ նրան իհարկե այդ օրերից հետո որեւէ մեկը որեւէ անգամ չի տեսել այսպես ասած կենդանի վիճակում:
Վերադառնալով Սիրիայի ԱԳ նախարարի այցին, հատկանշական է, որ դրա մասին հայտնի է դառնում հուլիսի 28-ին կայացած Պուտին-Նաթանյահու հեռախոսազրույցից հետո, որի մասին անդրադարձս այս գրառման վերեւի հղումով է: Այդ անդրադարձում նկատել էի, որ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ Սիրիայի հարցը քննարկելու մասին:
Փաստորեն, Պուտին-Նաթանյահու հեռախոսազրույցից երեք օր անց Սիրիայի ԱԳ նախարարը ժամանում է Մոսկվա: Իհարկե չենք կարող պնդել, որ այցը կապ ունի հուլիսի 28-ի հեռախոսազրույցի հետ անմիջապես, սակայն մեծ հավանականությամբ Մոսկվան կփորձի այդտեղ լինել որոշակի «կապավոր»:
Իհարկե Մոսկցան ու «նոր»» Դամասկոսը ունեն քննարկելու շատ հարցեր, այդ թվում ռուսական ռազմակայանների ճակատագիրը: Օրակարգը իհարկե կլինի ավելի լայն: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Սիրիայի շուրջ ներկայումս կառուցվել է բավականին բարդ մի խաղ, շատ ավելի, քան կար Ասադի պաշտոնավարման ընթացքում:
💥 Եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողությունները Գազայում եւ շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության տրամադրմանը, Բրիտանիան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ ԳԱ ընդառաջ, որը կայանում է սեպտեմբերին:
Հնչում է շատ ուժեղ: Մի քանի օր առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը մտադիր է ճանաչել Պաղեստինը:
Անկեղծ ասած՝ ճանաչողը ճանաչում է, դրա մասին չի հայտարարում մի քանի անգամ, այլ՝ ճանաչում է:
Բայց, թողնենք դա: Հարգելի եվրոպացիներ, Իսրայելին Պաղեստինի ճանաչումով սպառնալու փոխարեն, պարզապես կիրառեք պատժամիջոցներ: Արեք այն, ինչը բխում է ձեր իսկ հռչակած արժեքներից: Արեք այն, ինչ պետք է անել ցանկացած այն պարագայում, երբ ակնհայտ, ակնառու, աղաղակող թիրախավորման է ենթարկվում խաղաղ բնակչություն, ցեղասպանվում, սովահար արվում, ոչնչացվում:
Գազայում սպանվել է մի քանի տասնյակ հազար քաղաքացիական բնակչություն, շերեր, կանայք ու երեխաներ: Ուղղակի աղաղակող է, որ քաղաքացիական բնակչության ոչնչացումը չի կարող ոչ մի ընդհանուր բան ունենալ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման հետ:
Այդ ամենի դեմ կիրառեք Իսրայելի հանդեպ գոնե մի քանի պատժամիջոց: Գոնե մի քանի պատժամիջոց, որը թեկուզ փոքր ինչ նեղություն կտար Իսրայելի, մի փոքր տնտեսական խնդիր կստեղծեր Իսրայելի համար:
Ինչպես կասեր առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, իհարկե այլ առիթով, բայց՝ «տղա ե՞ք, Իսրայելի դեմ պատժամիջոց կիրառեք, այլ ոչ թե ասեք, թե կճանաչեք Պաղեստինը»:
Բայց, իհարկե այստեղ «տղա լինելու» հարց չէ: Բրիտանացիները իհարկե տղա են, ի տարբերություն օրինակ այսօրվա գերմանական վերնախավի: Պարզապես, Իսրայելը Գազայում ցեղասպանություն իրականացնելու անելանելիության առաջ է դրվել նաեւ հենց նրանց «կամքով»:
Ինչ խոսք, Իսրայելին «վերադարձնում» են շատ դաժան ձեւով: Իսրայելական վերնախավը տասնամյակներով բոլորի քթից բռնած է պահել Հոլոքոսթի հարցով: Իսկ հիմա, հիմա Գազայի հարցը ավելի ու ավելի ծանր դնում են Իսրայելի վերնախավի «ծոծրակին», կախում են «վզից»: Ու չեն կանգնեցնելու: Ըստ էության չեն անելու որեւէ էական քայլ, որը կկանխի Իսրայելի վերնախավի՝ Գազայում պաղեստինցիների արյան մեջ խեղդվելը: Այո, Իսրայելին «խեղդում» են իր իսկ հեղած պաղեստինցիների արյունով:
Դաժա՞ն է: Դժբախտաբար, որովհետեւ դրա համար զոհվում են տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ, կանայք, երեխաներ:
Աշխարհաքաղաքականությունն այն «թեթեւամտությունը» չէ, հարգելի հայրենակիցներ, որ անդադար մատուցվում է կոնյուկտուրային-պրոպագանդիստական մղումներով:
💥 Այսինքն, որքան կարելի է հասկանալ, «Խաղաղության խաչմերուկը» Վահագն Խաչատուրյանի «թեթեւ ձեռքով» դարձավ «Սյունիքի դարպասներ»:
Читать полностью…💥 Սիվիլնեթի հետ զրույցում շոշափեցի ներիշխանական որոշ ասպեկտներ, որոնք առաջիկա օրերին թերեւս արժե փոքր ինչ բացել, դրանց վերաբերյալ ծավալելով ավելի մանրամասն խոսակցություն: Դրանք կարեւոր ասպեկտներ են, ցանկացած իշխանության համակարգի համար ըստ էության վճռորոշ ասպեկտներ: Դրանց կանդրադառնամ առաջիկա օրերին:
Читать полностью…⚡️⚡️⚡️ Զրույց Առաջին լրատվականում: https://youtu.be/idnPC8pw0Qw?si=t3xX3oLKDa72s3GJ
Читать полностью…💥 Հետաքրքիր է, Սեւան այցելության ու հրապարակներում Վարդավառի վիճակագրություն իրականացնող Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չանդրադարձավ «վրացական տարանցման խնդիրների» հիմքով հեղուկ գազի գրեթե 60 տոկոս թանկացմանը: Իսկ ի՞նչ եղավ Վրաստանում: Դարձյալ կաշառքով ե՞ն բերում: Թե՞ գազը թանկացավ՝ կաշառքը վերացավ: Հիշեցնեմ, էկոնոմիկայի նախարարը, որ վրացական թեմայի հիմնական թիրախում էր, օրերս գրառում էր արել, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է ուսումնասիրի հեղուկ գազի շուկայում գնագոյացումը: Հանձնոժողովը ուսումնասիրե՞ց, սկսե՞ց ուսումնասիրել: Թե՞ իրականում սկսել է «ուսումնասիրել» թանկացումների հնարավոր հիմնավորման տարբերակները: Չէ՞ որ մեզանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գործնական առումով թանկացումների հիմնավորման հանձնաժողով է:
Читать полностью…💥 Նաեւ Ավստրիան է դժգոհում ադրբեջանական նավթի որակից: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նավթի որակից դժգոհում էին իտալական եւ բրիտանական ընկերությունները, մասնավորապես նաեւ Բրիթիշ Պետրոլիումը, որը հետխորհրդային շրջանում եղել է Ադրբեջանի նավթագազային ոլորտում ներդրումների առյուծի բաժինն ապահովողը:
Հիմա հանկարծ դժգոհություն են հայտնում ադրբեջանական նավթի որակից: Բայց, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ինչպես անդրադարձել եմ այս թեմային, դժգոհության հիմնական պատճառը ոչ թե նավթի որակն է, այլ Ադրբեջանի քաղաքականությունը: Բայց, հարց կառաջանա, թե ինչու՞ պետք է դժգոհեն Ադրբեջանի քաղաքականությունից: Ի՞նչ են ուզում Ադրբեջանից, որ չի անում Բաքուն:
Ըստ իս, կա երկու հանգամանք: Բաքուն բավարար ճափով չի սրում առճակատումը ՌԴ հետ, եւ թերեւս մի հանգամանք եւս: Ըստ իս, եվրոպացիների դժգոհությունն է հարուցում այն, որ Ադրբեջանը այսպես ասած առավելապաշտ մոտեցում է ցուցաբերում Հայաստանի հետ ճանապարհների ապաշրջափակման, այսինքն ԵՄ համար Միջին միջանցքի հարցում:
Ըստ էության, ինչ որ իմաստով սրանք նաեւ մեկտեղվող հանգամանքներ են: Նկատի ունեմ այն, որ, եթե Ադրբեջանը լինի «ճկուն», այսինքն նվազեցնի նշաձողն ու ըստ այդմ համաձայնի Հայաստանի տարածքով ճանապարհի այն ռեժիմին, որը ենթադրում է արեւմտյան «երրորդ կողմի» ներկայություն՝ Հայաստանի իքս ֆունկցիայի փոխարեն, սա մի կողմից թույլ կտա Եվրամիության գործուն ներկայությամբ առաջ մղել այսպես ասած Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի, այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի հեռանկարը, իսկ մյուս կողմից իհարկե քաղաքականապես ճնշել Ռուսաստանին:
Այստեղ խնդիրն այն է, որ այդ պարագայում Ռուսաստանը կամ համակերպվելու է այդ ճնշմանը եւ Կովկասում իր ձախողմանը, կամ անցնելու է հակազդեցության, ստիպված լինելով իհարկե գործել ավելի ագրեսիվ, ինչը կարող է նշանակել Կովկասում առճակատման ռիսկերի բազմապատկում, այդպիսով ռեգիոնը դարձնելով ռուսների համար երկրորդ ճակատ:
Այլ կերպ ասած, տրանսպորտային «հանգուցալուծման» դեպքում, ԵՄ-ն կամ կշահի գեոտնտեսական եւ գեոքաղաքական ռազմավարական դիրք, կամ Ռուսաստանի համար «երկրորդ ճակատ»:
Ադրբեջանի առավելապաշտությունը Հայաստանի հանդեպ, ըստ էության արգելակում է կամ մեկը կամ մյուսը ունենալու հնարավորությունը, ինչն էլ առաջացնում է ԵՄ դժգոհությունը:🇪🇺🇦🇿🇷🇺
🔥 Նիկոլ Փաշինյանը Վարդավառից փորձում է կաթիլ առ կաթիլ ստանալ տնտեսական վերելքի տպավորություն: Ընդ որում, ակնառու է, որ այդ փորձը միտված է ոչ թե մասնագիտական շրջանակի, այլ՝ լյումպեն հանրությանը, հավատավոր երկրպագուներին, որոնք Փաշինյանի ամեն խոսք ընկալում են իբրեւ անվերապահ ճշմարտություն:
Զոււտ մասնագիտական իմաստով, Վարդավառի առիթով Նիկոլ Փաշինյանի բերած տնտեսական արդյունավետության ցուցիչները պարզապես չեն կարող դիմանալ որեւէ լուրջ քննության: Ավելին, դրանք մասնագիտական քննության ենթարկելն իսկ լուրջ չէ:
Փոխարենը, մասնագիտական լուրջ քննարկման առիթ ունի կիսամյակային տնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ հենց պետական վիճակագրության հրապարակած պատկերը: Ես արդեն անդրադարձել եմ, որ այստեղ կա առնվազն երկու էական ցուցանիշի անկում՝ արդյունաբերություն եւ արտահանում: Սրանք տնտեսական միտումների, տնտեսական օրգաննիզմի առողջության ու կենսունակության այսպես ասած բազային, ֆունդամենտալ ինդիկատորներ են:
Եվ այն, որ վարչապետ Փաշինյանը փորձում է Վարդավառից կաթիլ առ կաթիլ ստանալ տնտեսական պատկերիօ փայլատակման էֆեկտ, պայմանավորված է հենց նրանով, որ իրական տնտեսությունից այդպիսի էֆեկտ ստանալը գործնականում դառնում է անհնարին:
Ես արդեն իսկ նշել եմ, որ Փաշինյանի այցը Ալթայ՝ Միշուստինի հանդիպման իրական նպատակով, խոսում է հենց այն մասին, որ նախընտրական փուլում կան տնտեսական մտահոգիչ իրողություններ, որոնք շտկելու ակնկալիքով է Փաշինյանը մեկնել Ալթայ՝ բնապահպանական համաժողովի ֆորմալ առիթով:
🔥 Տեղի է ունեցել Պուտին-Նաթանյահուի հեռախոսազրույց: Դրա ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Սիրիայի հարցին: Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը ուշադրություն է հրավիրել Սիրիայի միասնության, տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության կարեւորության վրա, Սիրիայի ներքաղաքական կայունության ամրապնդման վրա՝ բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի օրինական իրավուքների եւ շահերի պաշտպանության միջոցով:
Սա ուշագրավ հանգամանք է, եթե հաշվի առնենք այն, որ Իսրայելը Սիրիայում ըստ էության աջակցում է դրուզներին՝ Դամասկոսի հանդեպ պայքարում: Կան Իսրայելի աջակցությունը վայելող այլ խմբեր:
Սա բավականին նյարդային է ընկալում Անկարան, քանի որ այդ ամենը կասկածի տակ է դնում Սիրիայում Թուրքիայի անվերապահ պատասխանատվությունն ու պատրոնաժը:
Եվ այստեղ հնարավոր է ռուս-իսրայելական որոշակի կոմունիկացիա, շահերի համատեղում, նկատի ունենալով այն, որ Մոսկվան թերեւս դեմ չի լինի, եթե Անկարան Սիրիայում ունենա խնդիրներ:
Իսրայելն իր հերթին կարող է Ռուսաստանից ակնկալել Իրանի հարցում որոշակի համահունչ մոտեցումներ: Այդ իմաստով էլ հատկանշական է, որ Կրեմլի հաղորդագրության մյուս պարբերությունը վերաբերում է հենց Իրանին: Ըստ դրա, ՌԴ նախագահը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանգուցալուծումների նպաստելու ՌԴ պատրաստակամությունը:
Սա իհարկե չի նշանակում, որ կայացել է գործարք, սակայն մեծ հավանականությամբ առկա է այդպիսի տրամաբանության հավանականություն:
Միեւնույն ժամանակ, այս առումով օրեր առաջ ուշադրության է արժանացրել հանգամանքին, որ Սիրիայի հարցը քննարկվել էր նաեւ Ռուբիո-Լավրով հանդիպմանը, որը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին: Ուշադրության էի հրավիրել այն հանգամանքին, որ թվում է, թե Ռուսաստանը այլեւս չունի որեւէ դերակատարում Սիրիայում, բայց ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը քննարկվում է Սիրիայի հարց:
Այս դետալի հանդեպ ուշադրություն եմ հրավիրել եւ հրավիրում այն խոսակցությունների եւ գնահատման ելակետերի կապակցությամբ, որ առկա են Հայաստանում՝ Կովկասում ՌԴ դերի եւ հեռանկարների մասով:
Այստեղ իրականությունից կտրված ելակետերը կարող են գուցե ինչ որ դիվիդենտներ ապահովել առանձին մարդկանց, բայց ոչ Հայաստանին ու հանրությանը լայն իմաստով: Որովհետեւ քաղաքականությունը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու կամ ընդունելու պարզունակությունը չէ, այլ իրականության հետ առերեսվելու եւ այն հնարավորինս ճշգրիտ գնահատել կարողանալու արվեստը, որի դեպքում է միայն հնարավոր այդ իրականությունից քաղել առավելագույնս շահեկանը:
🔴🔴👆Հիշեցնեմ, որ Հայաստանը Պաղեստին պետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարեց 2024 թվականի հունիսի 21-ին: Այդ որոշման առնչությամբ Հայաստանում եղան իրարամերժ գնահատականներ, մասնավորապես կապված այն հանգամանքի հետ, որ ճանաչման մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ կայացել էր Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը:
Այդ հանգամանքը օգտագործվեց գնահատելու համար, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է Թուրքիայի հրահանգով:
Իմ խորին համոզմամբ դա բավականին մակերեսային եւ առավելապես ներքաղաքական կոնյուկտուրայով մոտիվացված գնահատական էր: Ես այդ օրերի իմ գրառումներով նաեւ նկատում էի, որ ուշադրություն պետք չէ բաց թողնել հանգամանքը, որ Հայաստանի այդ որոշումը փաստորեն «զուգահեռվեց» այդ օրերին հայ-ֆրանսիական ռազմա-քաղաքական կոմունիկացիայի ինտենսիվացմամբ:
Գլոբալ առումով սակայն, խնդիրն այն էլ չէ, որ Հայաստանը ճանաչեց, որովհետեւ այդպես էր ուզում ոչ թե Թուրքիան, այլ Ֆրանսիան:
Ըստ իս, Հայաստանի կայացրած ճանաչումը ժամանակի իրողությունների համատեքստում որոշակիացած քայլ էր, հաշվի առնելով մերձավորարեևելյան «մակրոռեգիոնի» տրամադրությունների ազդեցությունը կովկասյան «միկրոռեգիոնի» անվտանգային միջավայրի ձեւավորման հարցում:
Միեւնույն ժամանակ, այստեղ կարծում եմ հարցը չպետք է դիտարկել լոկ այդ փոխազդեցության համատեքստում: Հայաստանը իր քաղաքականությունը պետք է մշակի հենց «մակրոռեգիոնի» դերակատարի տրամաբանությամբ, ու այդ համատեքստում, ըստ իսս, Պաղեստինի ճանաչման քայլը կարող է հավակնել լինել այդ մտածողության դրսեւորումներից մեկը: Ցավոք, ըստ իս, հազվադեպ դրսեւորումներից մեկը:🇦🇲🇵🇸
💥 Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը մի կողմից ասում է, թե Հայաստանի հետ բանակցությանը չեն քննարկում փոխհատուցման հարց, մյուս կողմից նշում, որ իրենք գնահատում են իրենց երկրին հասցված վնասը եւ այն դիտարկում 150 միլիարդ դոլար:
Բաքուն սա պահում է իբրեւ զենք՝ հաջորդ փուլի համար, կամ շանտաժի միջոց:
Նկատենք մի հանգամանք: Հաջիեւը չգիտես ինչու չի ասում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պատասխանում է այսպեսկոչված հատուցման հարցերին, քանի որ պարունակում է փոխադարձաբար դատական հայցերից հրաժարվելու դրույթ: Չէ՞ որ Երեւանը հենց դա էր մատնանշում, որպես այսպես ասած չհամաձաւյնեցված երկու կետերից մեկը, որը ի վերջո համաձայնեցրին ամիսներ առաջ ու հայտարարեցին, որ ավարտել են տեքստի ծուրջ բանակցությունը:
Հաջիեւն ասում է, որ հիմա չի քննարկվում հատուցման հարց, բայց չի ասում, որ այդ հարցի պատասխանը տրված է խաղաղության պայմանագիր կոչվածով եւ չկա քննարկման կարիք:
Սա նշանակու՞մ է, որ պայմանագիրը այդ առնչությամբ բոլոր հարցերին չէ, որ պատասխանում է: Ցավոք, քանի որ հայ-ադրբեջանական պրոցեսում մի շարք անգամներ ի հայտ են եկել դրվագներ, երբ կատարվել են բաներ, որոնք չեն եղել մինչ այդ որեւէ կերպ արձանագրված համաձայնություն, բայց կատարվելիուց հետո ներկայացվել են այդպիսին, մենք կարող ենք այդպիսի մտավախություն ունենալ նաեւ այդ «փոխհատուցման» հարցերի մասով:
Կրկնեմ, Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը դժբախտաբար շատ հստակ է վաղուց՝ կետ առ կետ, դրույթ առ դրույթ «ականապատել» հայկական պետականության հեռանկարը, երբ ցանկացած աջ կամ ձախ քայլ հղի կլինի «պայթյունով»:
🔥 🔴👆Սիվիլնեթում Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում հպանցիկ անդրադարձա հարցին, որ ներկայիս իշխանության կառուցվածքում այլեւս անմիջական շոշափելի դեր ունի խոշոր կապիտալն իր շահերով ու հետաքրքրություններով:
Այս թեման, ինչպես նախօրեին խոստացա ալիքի հետեւորդների համար, արժե թերեւս բացել, որովհետեւ սա առանցքային թեմաներից է: Ինչպես նշել եմ, կփորձեմ տարբեր գրառումներով անդրադառնալ գալիք օրերի ընթացքում:
Այնպես չէ անշուշտ, որ 2018-ի իրադարձություններին եւ դրանից հետո իշխանության ձեւավորմանը խոշոր կապիտալը չի ունեցել մասնակցություն: Օրինակ, հենց նույն Սամվել Կարապետյանը, որ այսօր կալանատանն է, 2018-ին եղել է իրադարձությունների «կիզակետում»՝ իր կառույցներով, իր համակարգերով: Եղել է Գագիկ Ծառուկյանը, որը քաղաքական կոալիցիա է կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, եղել են ՀՀԿ խմբակցության օլիգարխները՝ Փաշինյանի հետ նոր պայմանավորվածություններով, եւ այլն:
Բայց, իմ խոսքն այսօր արդեն նոր ձեւավորված շերտի մասին է, որոնք որպես այդպիսին քաղաքական իշխանության համակարգում ուղղակի, թե անուղղակի, բայց նշանակալի դերակատարումով ձեւավորվել են վերջին տարիներին, կամ ավելացրել իրենց կապիտալը, հավակնությունները:
Նրանք ոչ թե այս իշխանության հետ զանազան պայմանավորվածությունների, այլ հենց իշխանության համակարգը կազմող կապիտալի կրողներն են, հենց իշխանության կրողները՝ կառավարող համակարգի այս կամ այն թեւերը ներկայացնող:
Այդպիսով, եթե 2018-ին հիմնականում կար նոր քաղաքական հեղափոխական հավաքական իշխանությունը եւ գոյություն ունեցող խոշոր կապիտալի լոյալությունն ու պայմանավորվածությունների համակարգը, ապա այսօր արդեն կա հենց ինքը՝ խոշոր կապիտալի կրող իշխանությունը, իր տարբեր թեւերով:
Եվ այս հանգամանքը արդեն բերում է այն կապիտալի հետ հարաբերությունների վերանայման հարցի սրացման, որի հետ եղել են «մերձ18»-յան պայմանավորվածությունները: Արդեն անմիջականորեն իշխանության ներսում եղած խոշոր կապիտալը, եւ ավելի խոշորացող կապիտալը սկսում է զգալ ավելի ու ավելի մեծ տարածության կարիք:
Իսկ տարածություն ազատելու համար գիտակցորեն կամ ենթագիտակցորեն այդ կապիտալի կրողները պետք է քանդեն «մերձ18»-յան պայմանավորվածությունների համակարգը, որ իրենց համար բացեն նոր տարածքներ:
Դա էլ բերելու է սեփականության վերաբաշխման պրոոցեսի սրման: Այսինքն, այստեղ հարցը լոկ այն չէ, որ ընտրությունից առաջ Փաշինյանին պետք է ենթարկեցնել այն կապիտալին, որի հետ պայմանավորվածությունները համարում է «ժամկետանց»: Սա լոկ քաղաքական պրոցեսների տրամաբանության փոփոխության հարց չէ: Եվ ավելին, քաղաքական պրոցեսները փոխվում են թերեւս հենց այն պատճառով, որ շոշափելիորեն փոխվում է կապիտալի «քարտեզը»:
Իշխանության ներսում խոշորացող կապիտալը Փաշինյանի հանդեպ դառնալու է ավելի ու ավելի ազդեցիկ, ու սա բերում է խնդիրների բարդ համակարգի:
⚡️⚡️⚡️ Հայաստանում ցավոք սրտի հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ այդպես էլ չի ձեւաորվել ու չի ձեւավորվում իրապես քաղաքական խոսակցություն կամ ինչպես ասում են՝ դիսկուրս:
«Դիսկուրսը» գտնվում է շաատ ավելի պարզունակ մի մակարդակի վրա՝ համակրանք-հակակրանք այս կամ այն աշխարհաքաղաքական դերակատարի հանդեպ, եւ ըստ դրա էլ ձեւավորվող մոտեցումներ:
Եվ սա խոշոր հաշվով չի վերաբերում միայն հայ-ադրբեջանական թեմատիկային: Գործնականում, սա հայաստանյան քաղաքական դաշտոում գերակայություն ունեցող երեւույթ է՝ նախ համակրանք կամ հակակրանք, հետո նոր դիրքորոշում:
Ասածս չի նշանակում, որ պետք է նախ դիրքորոշումը, սկզբունքները ձեւավորել, հետո նոր համակրանքը կամ հակակրանքը:
Եթե ձեւավորվում է դիրքորոշում, եթե ձեւավորվում է սկզբունք, մոտեցումների համակարգ, այլեւս բոլորովին չի լինում համակրանք կամ հակակրանք ձեւավորելու կարիք, որովհետեւ սկզբունքային բովանդակությունը եւ ուղենիշները ձեւավորելու պարագայում շրջապատը ենթակա է լինում արդեն աշխատանքային ռեժիմի, այլ ոչ թե զգացական կամ զգացմունքային:
🔥 Հիմա բովանդակության մասին: Ի՞նչ է ասում սենատորը: Նա փաստորեն Կովկասը հռչակում է Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ դիմակայության գոտի: Համենայն դեպս այդ մասին է հետեւյալ պարբերությունը.
Միջին միջանցքի աշխարհագրությունը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորությամբ: Գտնվելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նավթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակությունը՝ տարածաշրջանի ավելի շատ էներգետիկ պաշարներ Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենա Ռուսաստանից: Իսկ Հարավային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախվածությունից:
Հիմա դիտարկենք շատ պարզ տրամաբանությամբ: Եթե ԱՄՆ հայտարարում է, որ հայ-ադրբեջանական գործընթացում իր ներգրավումով ունի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի շահերի հակազդման նպատակ, ի՞նչ ենք պատկերացնում, ինչպե՞ս են արձագանքելու Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը: Նրանք նստած հետեւելու են, թե ինչպես է ԱՄՆ իրենց շահերի դուրսմղման հաշվին առաջ մղելու ի՞ր շահերը:
Մեծ հավանականությամբ՝ ոչ: Նրանք էլ իրենց հերթին են հակազդելու: Եթե այդ ամենը մնա քաղաքական դիմակայության, տնտեսական դիմակայության եւ մրցակցության ռեժիմում, ապա այստեղ իհարկե նույնիսկ հնարավոր է մտածել ինչ որ էֆեկտների մասին, երբ նրանք կարող են մրցակցել Կովկասի երկրներին ուղղված առաջարկներով:
Բայց, եթե դիմակայությունը կրի այլ բնույթ, ապա ուղենիշները, որ հռչակում է ամերիկացի սենատորը, մեծ հավանականությամբ տանելու են ռեգիոնը դեպի նոր էսկալացիա:
Կրկնեմ, շատ բարդ է ասել, ի վերջո որքանով է Դեյնզի շուրթերով բարբառում Թրամպը: Բոլորովին բացառված չէ, եւ նույնիսկ հավանական է այն, որ Դեյնզը այն շրջանակի ներկայացուցիչ է, որոնք փորձում են Թրամպին մղել Ռուսաստանի եւ Իրանի դեմ առավել ագրեսիվ քաղաքականության:
Բոլոր դեպքերում, այն, ինչ ներկայացնում է ամերիկացի սենատորը, ԱՄՆ հետեւողական քաղաքականություն լինելու պարագայում հղի է լինելու ռեգիոնում լարվածությունը մեծացնելու, այլ ոչ թե խաղաղություն հաստատելու հեռանկարով:
🔥 Ամերիկացի հանրապետական սենատոր Սթիվ Դեյնզը հոդված է հրապարակել հեղինակավոր The Wall Street Journal-ում, որը վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին եւ թերեւս հնարավոր է գնահհատել Թրամպի պաշտոնամուտից ի վեր այդ գործընթացի վերաբերյալ ամերիկյան սիթեբլիշմենտից հնչած թերեւս առաջին բովանդակային կոնկրետությունը:
Մեդիամաքս գործակալությունը հայ հանրությանը թարգմանաբար ներկայացրել է հոդվածը, որից մեջբերեմ այս՝ ըստ իս առանցքային հատվածը. «Միջին միջանցքի աշխարհագրությունը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորությամբ: Գտնվելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նավթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակությունը՝ տարածաշրջանի ավելի շատ էներգետիկ պաշարներ Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենա Ռուսաստանից: Իսկ Հարավային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախվածությունից»:
Խոշոր հաշվով, ամերիկացի հանրապետական սենատորը արտահայտում է այն տրամաբանությունը, որով գործում էր դեմոկրատական վարչակազմը, մասնավորապես շատ ակտիվ էր գործում նախորդ տարի:
Այստեղ իհարկե ուշադրոության արժանացնենք մի ական նրբերանգ: դեմոկրատական վարչակազմը իր ակտիվ աշխատանքը իրականացնում էր առավելապես պետքարտուղարության, այսինքն գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգով: Մոտեցումները արտահայտվում էին պետքարտուղարության եւ Սպիտակ տան պաշտոնյաների կամ խոսնակների մակարդակում:
Թրամպի պարագայում նկատենք, որ ըստ էության անցնող ամիսներին՝ հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ Կովկասի, մասնավորապես հայ-ադրբեջանական թեմատիկայի վերաբերյալ այսպես ասած ամբողջական, շատ թե քիչ համապարփակ միտք կամ դիրքորոշում արտահայտվում է ոչ թե պետքարտուղարության կամ Սպիտակ տան, այլ կոնգրեսականի մակարդակով:
Այստեղ իհարկե հարկ է հիշեցնել, որ սեննատոր Դեյնզը մայիսի վերջին այցելել էր Բաքու, հետո Երեւան: Հոդվածում նա փաստացի ակնարկում է, որ իր այցով ներկայացրել է նախագահ Թրամպին:
Նկատեմ իհարկե, որ Սթիվ Դեյնզի այցին զուգահեռ, այստեղ էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը: Սենատորը ժամանել էր Բաքու, իսկ հետո Երեւան, իսկ պետքարտուղարի փոխտեղակալ Հաքն էլ ժամանել էր Երեւան, հետո Բաքու: Այդ «փոխատեղումը» գրեթե նույն օրերին էր՝ մայիսի վերջին:
Դեյնզն ու Հաքը զբաղված էին նու՞յն գործով: Բարդ է ասել, բայց համենայն դեպս, երբ օրեր առաջ լրագրողները պետքարտուղարության խոսնակին բրիֆինգի ժամանակ հարց էին ուղղել հայ-ադրբեջանական հարցում ԱՄՆ հանձնառության մասին, նա չգիտես ինչու հարցը «վերահասցեագրել» էր Սպիտակ տուն:
Բոլոր դեպքերում, հենց հանգամանքը, որ Կովկասի վերաբերյալ շատ, թե քիչ որոշակի դիրքորոշում Թրամպի պաշտոնամուտից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնից հնչում է սենատորի, այլ ոչ թե ԱՄՆ արտաքին քաղաքականություն վարող գործադիր ինստիտուտի մակարդակում, խոսում է թերեւս այն մասին, որչ Վաշինգտոնում այդուհանդերձ այդ իմաստով դեռ «խառն» են եւ հնարավոր է, որ աձ ձեռքը այդքան էլ տեղյակ չէ, թե ինչ է անում ձախը:
Իսկ դա իհարկե այդքան էլ լավ իրավիճակ չէ: Այդ մասին կշարունակեմ հաջորդիվ:👇👇 🇺🇸🇦🇲🇦🇿
🔥 Նյու Յորքում տեղի է ունենում միջազգային համաժողով, նվիրված պաղեստինա-իսրայելական կարգավորմանը, մասնավորապես այն երկու պետության սկզբունքով իրագործելուն: Այլ կերպ ասած՝ միջազգային համաժողով, որը նվիրված է Պաղեստին պետության ճանաչման հարցին:
Համաժողովի նախաձեռնողները Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան են, որի գաղափարը նրանք քննարկել էին դեռեւս ամիսներ առաջ՝ Մակրոնի Ռիյադ կատարած այցի ընթացքում: Նյու Յորքում տեղի ունեցող համաժողովին մասնակցում են մի Իսպանիան, Հորդանանը, Իտալիան, Նորվեգիան, Եգիպտոսը, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Մեքսիկան, Բրազիլիան, Սենեգալը, նաեւ ներկայացուցիչներ ունեն Եվրամիությունն ու Արաբական պետությունների լիգան:
Փաստորեն, դատելով այսօր տարածված մի ուշագրավ հաղորդագրությունից, Նյու Յորքի համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանը: Ըստ տարածված տեղեկատվության, համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանի եւ Պաղեստինի արտաքին գործերի եւ միգրացիայի հարցերի պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հանդիպումը:
Այստեղ նախ իհարկե նկատենք, որ մեր հայրենակցուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի պետնախարարի պաշտոնում է նշանակվել 2024 թվականին: Նա ծնվել է Հորդանանում՝ 1958-ին, այժմ Պաղեստինի քաղաքացի է, քրիստոնյա դավանանքով:
Հանգամանքը, որ մեր հայրենակցուհին զբաղեցնում է Պաղեստինի կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն, ոչ միայն պարզապես հաճելի է զուտ հայրենակցական հանգամանքից ելնելով, այլ նաեւ վկայում է այն մասին, որ գործնականում հայկական ռեսուրսը աշխարհում բավականին ընդգրկուն ու հարուստ է, եւ այն կարող է տարբեր աստիճանի օգտակարություն ունենալ նաեւ հայկական պետականության համար՝ թեկուզ լինելով այլ պետությունների իրավա-քաղաքական շրջանակում:
Ավելի լայն իմաստով, կարծում եմ կարեւոր է, որ Հայաստանը մասնակցում է Նյու Յորքում կայացող համաժողովին: Ինչպես հայտնի է, Հայաստանը նախորդ տարի հունիսին ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Հարցը տվյալ պարագայում միայն Պաղեստինը չէ: Այս թեման ուղղակիորեն առնչվում է ռեգիոնալ մեծ վերաձեւմանը, որը թե ուղղակի, թե անուղղակի բազմաթիվ գործոններով առնչություն ունի Հայաստանի հանրապետության անվտանգության միջավայրի ձեւավորմանը: Պարզ ասած՝ սա մեր ռեգիոնն է, դուր գա դա որեւէ մեկին, թե ոչ: Սա մեր աշխարհաքաղաքական եւ էթնո-քաղաքական «օրորոց» ռեգիոնն է:
Մենք կարող ենք մեզ դուրս դնել դրանից մեր մտքով, բայց դա չի նշանակում, որ մենք իրապես կհայտնվենք դրանից դուրս: Մենք այդ դեպքում պարզապես կհայտնվենք խաղից դուրս: Իսկ խաղից դուրս հայտնվողներին մեղմ ասած չի կարող սպասել լավ հեռանկար:
Նյու Յորքում համաժողովում Հայաստանի մասնակցությունը խաղի մեջ լինելու հնարավորություն է: Իհարկե առանձին հարցէ, թե լինելով խաղի մեջ, Հայաստանն ինչ որակի խաղ է ի զորու ցուցադրել:
Սա անշուշտ նույնպես կարեւորագույն հարցադրում է, որի պատասխանի ոչ մի տարբերակ սակայն չի կարող կասկածի տակ դնել խաղի մեջ լինելու անհրաժեշտությունը:
💥 Թուրքիայում տեղի է ունեցել Էրդողանի ու Ղազախստանի նախագահ Տոկաեւի հանդիպումը եւը բանակցությունը, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկել են ռազմավարական գործակցության խորացման հարցեր:
Տոկաեւը Թուրքիա է այցելել Էրդողանի հրավերով: Ընդ որում, հանգամանքը, որ նրան օդանավակայանում դիմավորել է հենց անձամբ Թուրքիայի նախագահը, խոսում է այն մասին, որ Ղազախստանի նախագահին ցուցաբերված պատվի դիմաց Էրդողանն ակնկալել է նրա այսպես ասած բարյացկամություն կամ բարեհաճություն բանակցության ընթացքում:
Թեեւ Թուրքիան հավակնում է լինել «թյուրքական աշխարհի» այսպես ասած ավագ եղբայր կամ «հայր», այդուհանդերձ գործնական մակարդակում սա իհարկե բավականին բարդ գործ է, որովհետեւ մասնավորապես կենտրոնասիական երկրներից թերեւս ամենից ազդեցիկներից մեկը՝ Ղազախստանը, հազիվ թե համաձայնի «կրտսեր եղբոր» կամ «զավակի» կարգավիճակին:
Դրան նույնիսկ Ալիեւը համաձայն չէ, ուր մնաց Տոկաեւը:
Այն, որ Թուրքիան դժգոհ է «թյուրքական երկրների»՝ իր հանդեպ մերձեցման տեմպից ու դինամիկայից, նկատելի էր դեռ հունիսի սկզբին Բուդապեշտում թյուրքլեզու պետությունների գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ունեցած ելույթից: Նա հայտարարել է, որ թյուրքալեզու երկրները պետք է ավելի ակտիվ ջանք գործադրեն «զանգեզուրյան միջանցքի» ռազմավարական ծրագիրը իրականացնելու համար:
Իսկ ինչու՞ ակտիվ չեն թյուրքալեզու երկրներն այդ հարցում: Որովհետեւ նրանք ոգեւորված չեն Թուրքիայի «հայրական» էքսպանսիայի «կանաչ ճանապարհից»:
Միեւնույն ժամանակ, Ղազախստանի պարագայում խնդիրը իսկապես լուրջ է ու բարդ: Թուրքիայի հանդեպ «ենթակայության» հանգամանքը դուր չի գա ոչ միայն ռուսներին, այլ նաեւ Չինաստանին: Իսկ այդ հարցում Չինաստանի ու Ռուսաստանի համատեղ շահը կամ հետաքրքրությունը Աստանայի համար կարող է լինել շատ լուրջ խնդիր: Իհարկե Թուրքիայի հանգամանքը այս դեպքում վայելում է բրիտանացիների աջակցությունը, որոնք Ղազախստանում եւս ունեն նշանակալի ներկայություն, բայց առայժմ ոչ այնքան, որ համեմատելի լինի չինացիների ու ռուսների հետ:
Այդպիսով, գուցե հնչի շատերի համար տարօրինակ, բայց կենտրոնասիական երկրները թերեւս չունեն «զանգեզուրյան միջանցք» ասվածի այն շահառությունը, որ ունի Թուրքիան: Բնական է, որ նրանք այդ հարցում չեն դիրքորոշվելու բաց տեքստով: Բայց նրանց ակտիվության մասին Էրդողանի հորդորը, որ հնչել էր Բուդապեշտում, իսկապես խոսուն էր:🇹🇷🇰🇿
🔥 «Եթե մենք կարողանում ենք բացել Սյունիքի դարպասները, ես նկատի ունեմ 43 կմ–ի հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», Սյունիքում հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որը եռօրյա այց է կատարել ռեգիոն:
Վահագն Խաչատուրյանի այդ հայտարարությունը այլ բան չէ, քան պարզապես հակապետական հայտարարություն:
Ասածս բացարձակապես չի վերաբերում ճանապարհների, հաղորդակցությունների բացմանը: Միայն անգետ մարդը կխոսի ճանապարհները, հաղորդակցությունները բացելու դեմ:
Բայց, ապագայի հնարավորությունները կապել 43 կմ-ը բացելու հետ, դա էլ որակելով «Սյունիքի դարպասներ», դա նշանակում է ըստ էության ասել, որ առանց այդ 43-կմ-ի, Հայաստանը չունի զարգացման հնարավորություն: Իսկ ինչու՞ է Հայաստանի հանրապետության նախագահը այդ 43 կմ-ը համարում Սյունիքի դարպաս: Սյունիքի դարպասը Ադրբեջանով Նախիջեւանի հետ կա՞պն է: Իսկ, եթե ոչ, ապա ինչու՞ Հայաստանի նախագահը չի խոսում այն մասին, որ Երեւանը որպես Չինաստանից Եվրոպա հաղորդակցային ուղի, կարող է առաջարկել Հայաստանի տարածքով այլ երթուղիներ, որոնք ռազմավարական իմաստով շատ ավելի շահեկան կարող են լինել Հայաստանի համար:
ՄԻնչդեռ, Հայաստանի հանրապետության նախագահը «Սյունիքի դարպաս» անվանումով շեշտադրում է այն 43-կմ-ը, որը բոլորովին այլ խաղացողների ռազմավարական ուղղություն ու նպատակ է:
Սա նույնիսկ շանտաժ է սեփական հանրության նկատմամբ, թե՝ զարգացումը այդ 43 կմ-ն է:
Իսկ ինչու՞ Սյունիքի դարպաս չէ Իրանից դեպի Վրաստան ուղին: Ինչու՞ է «դարպասը» այդ 43 կմ-ն:
Ակնառու է, որ ՀՀ նախագահի պաշտոնին գտնվող մարդու հայտարարությունը հակասում է Հայաստանի հանրապետության ռազմավարական շահին եւ արտացոլում է այն «ոգին», որ «զանգեզուրյան միջանցք» անվանման ներքո ներկայացնում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Հայաստանի նախագահը ներկայացնում է «Սյունիքի դարպասներ» անվան ներքո:
⚡️⚡️⚡️ Սիվիլնեթի տաղավարում էլ զրուցեցինք առավելապես ներքին թեմաների մասին. https://youtu.be/zYv-GTRouCQ?si=2JFdqel0vKvskqqb
Читать полностью…🔥 Արկա համակարգը այսօր կրկին խափանվել է: Ընդ որում, ամենից զավեշտալին այն է, որ համակարգը խափանվել է այսպես ասած տեխնիկական վերազինման եւ բարելավման աշխատանքի հետեւանքով:
Այսպիսի դեպքերի համար են ասում. «ունքը շինելու փոխարեն՝ աչքն էլ են հանել»:
Իրականում, սա կլիներ զվարճալի, եթե խոսքը չվերաբերեր մի համակարգի, որը ըստ էության կարող է հավասարազոր լինել պետական սահմանին: Երբ խափանվում է ազգային վճարային համակարգը, դա ըստ էության գործնականում ունի նույն իմաստը կամ նշանակությունը, որ խափանվի պետական սահմանի պաշտպանությունը:
Պատկերացրեք, որ ԱԱԾ-ն հայտարարում է, որ այսօր մի քանի ժամով խափանվել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությունը: Ինչպե՞ս կվերաբերեք այդպիսի հայտարարությանը:
Մինչդեռ, ազգային վճարային համակարգի աշխատանքի խափանումը դարձել է կանոնավոր մի բան: Ընդ որում, պարզ էլ չէ, թե այդ խափանումների համար որեւէ մեկը կրու՞մ է պատասխանատվություն, թե՞ ոչ:
Իսկ պետական համակարգը, այս հարցերով հանրությանը հավուր պատշաճի հաշվետվություն ներկայացնելու փոխարեն, զբաղված է հանրությանը «անկանխիկ գործարքների» նորանոր ծավալներ պարտադրելով:
💥 «Առավոտը» գրում է, որ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, իսկ Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նրա փոխարեն կնշանակվի սոցապ նախարար:
Չի նշվում իհարկե, թե ինչ է լինելու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի ճակատագիրը: Նա կվերադառնա Հայաստան եւ կզբաղվի քաղաքականությա՞մբ, թե՞ Մակունցը կտեղափոխվի դիվանագիտական այլ առաքելության:
Սա էական հանգամանք է, որովհետեւ, եթե Լիլիթ Մակունցը շարունակի ոչ թե դիվանագիտական գործունեություն, այլ վերադառնա ներքաղաքականություն, ապա այդ հանգամանքը կարող է լինել իշխանության ներսում վերադասավորումների որոշակի ինդիկատոր:
Համենայն դեպս, եթե Մակունցը վերադառնա ակտիվ ներքաղաքականություն, ապա նա կզբաղեցնի թերեւս շատ նշանակալի դիրք: Համենայն դեպս, նրա ներկայիս՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի դիրքը ենթադրում է, որ նա չի կարող վերադառնալ ու լինել պարզապես կուսակցական ֆունկցիոներ, թեկուզ առաջատար ֆունկցիոներ, ինչպես ՔՊ խմբակցության ներկայիս ղեկավարությունը:
Եթե Լիլիթ Մակունցը վերադառնա եւ մասնակցի նախընտրական պրոցեսին, որպես ակտիվ ներքաղաքական դերակատար, ապա դա ըստ էության կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով «կոտրում» է ներկայումս գոյություն ունեցող ներիշխանական կամ ներկուսակցական վերնաշենի ստատուս-քվոն:
Իհարկե Մակունցը ԱՄՆ է մեկնել այստեղից, եւ ըստ էության նոմինալ առումով նոր մարդ չէ: Բայց, նա մի քանի տարի շարունակ հեռու է եղել անմիջական ներքաղաքականությունից, բայց փոխարենը ունեցել է շատ ազդեցիկ տեղում նշանակալի դիվանագիտական պաշտոն, այդպիսով շատ մոտ մնալով-լինելով անմիջականորեն Փաշինյանին:
Ահա այդ համատեքստում, եթե Նիկոլ Փաշինյանը նրան վերադարձնի ներքաղաքական դերակատարության, բնականաբար դրանով նա անուղղակի, բայց դե ֆակտո կկոտրի գոյություն ունեցող ստատուս-քվոն ՔՊ «պոլիտբյուրոյում»:
Կրկնեմ, սա այն դեպքում, եթե ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մակունցը չստանա նոր դիվանագիտական նշանակում եւ փաստացի նախընտրական շրջանում վերադառնա ակտիվ ներքաղաքականություն:
🔥 Հուլիսի 27-ին, ԱՄՆ նախագահ Թրամպի բրիտանական այցի ընթացքում Շոտլանդիայում կայացավ նրա ու Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հանդիպումը, որից հետո հայտարարվեց առեւտրային համաձայնության մասին: Ըստ այդմ, Եվրամիության համար ԱՄՆ սահմանում է 15 տոկոս մաքսատուրք:
Թեեւ Բրյուսելը փորձում է այդ համաձայնությունը մատուցել իբրեւ Եվրոպայի շահի պաշտպանություն, բայց գործնականում, համաձայնությունը մեծ հավանականությամբ այն մասին է, որ Եվրամիության տնտեսությունը ըստ էության սպասարկելու է ամերիկյան տնտեսության կարիքները:
Օրինակ, որպեսզի Թրամպը չսահմանի ավելի բարձր մաքսատուրք՝ որը սպասվում էր առնվազն 30 տոկոսի շրջանակում, ԵՄ-ն դե ֆակտո պարտավորվում է լինել ամերիկյան էներգակիրների խոշոր սպառող, ամերիկյան ռազմաարդյունաբերության խոշոր սպառող, նաեւ ներդրումներ անել ամերիկյան տնտեսության մեջ: Եվ այդ ամենը այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունն ինքն ունի ներդրումների կարիք, Եվրամիության առնվազն երկու խոշոր երկիր իրենք ունեն ռազմաարդյունաբերական համալիր եւ դրա արտադրանքը սպառելու անհրաժեշտություն՝ Ֆրանսիա ու Գերմանիա:
Դրանից բացի, ամերիկյան էներգակիրներ, մասնավորապես սեղմած գազը, զգալիորեն ավելի բարձր գին ունեն, քան օրինակ այլ աղբյուրներից հնարավոր մատակարարումները, այդ թվում Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից կամ Ծոցից:
Բոլոր դեպքերում, ակնառու է, որ Թրամպին հաջողվեց բարձր մաքսատուրքերի շանտաժով Եվրամիության տնտեսությանը թելադրել ԱՄՆ տնտեսական կարիքները բավարարող ռեժիմ:
Միեւնույն ժամանակ, այս հանգամանքն է թերեւս, որ Եվրամիությանը վերջին շրջանում ստիպում է համաձայնության ուղիներ փնտրել Չինաստանի հետ, որոշակի իմաստով «փոխհատուցելով» այն կոշտությունը, որ պարտադրել է Թրամպը:
Այդ ֆոնին է նաեւ, որ անցնող օրերին եւ շաբաթներին, խոսելով Կովկասի հաղորդուղիների ապաշրջափակման թեմայի վերաբերյալ, ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ամերիկյան որոշակի ուշադրության աճը զուգահեռ է ԵՄ-Չինաստան շփումների աճին: Այլ կերպ ասած, կա հավանականություն, որ Վաշինգտոնի համար ստրատեգիական նշանակություն ունի խանգարել ԵՄ-ին ու Չինաստանին հանկարծ ընդհանուր հայտարարի գալ այսպես ասած Միջին միջանցքի հարցում:🇺🇸🇪🇺🇨🇳
💥 Բրիտանիայում գտնվող Թրամպը հայտարարել է, որ Պուտինին տվել էր ուկրաինական կարգավորման հասնելու 50 օր ժամանակ, բայց հիմա տալիս է 10-12 օր:
Հարց է առաջանում, ի՞նչ է «կծել» Թրամպին Լոնդոնում, որ նա հինգ անգամ կրճատում է Պուտինին «տրված» ժամանակը: ԱՄՆ նախագահի մատը ծակել է բրիտանական թա՞գը, թե՞ Թրամպը Լոնդոնից է ազդակ հղում Պուտինին, որ այն, ինչ ծրագրում էին 50 օրում, պետք է առնվազն սկսել 10-12 օրվա ընթացքում:
Իսկ, որ 50 օրը դա հուլիսի 3-ին Պուտին-Թրամպ հեռախոսազրույցի արդյունք էր, թերեւս չկա կասկած: Հետեւաբար, եթե փոխվում են օրերը, այսինքն ժամկետը կրճատվում է, ուրեմն արագացվում է ինչ որ պայմանավորվածություն:
Համենայն դեպս հետաքրքիր է լինելու հետեւել, թե ինչ նշանակալի բան տեղի կունենա առաջիկա 10-12 օրերի ընթացքում:
💥 Ինչ խոսք, քչերին է թերեւս հետաքրքրում կամ ավելի շուտ՝ մտահոգում, որ Հայաստանի արտահանումը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նվազել է գրեթե 53 տոկոսով:
Հայաստանի հանրությանը հիմա որպես «տնտեսություն» մատուցվում են պարզապես հնչեղ ձեւակերպումներ ու պաթոս, իսկ մնացյալ ամեն ինչ ծածկվում է նաեւ տեսարաններով:
Մինչդեռ, երկրում արդյունաբերությունը նվազում է ավելի քան 12 տոկոսով, արտահանումը՝ գրեթե 53 տոկոս:
Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ այսպիսի ցուցանիշներ ունեցող տնտեսությունը գտնվում է բարվոք վիճակում, ապա այդ մեկը կամ ոչինչ չի հասկանում իրական տնտեսությունից, կամ լավ էլ հասկանում է, բայց նրան հետաքրքրում է «իրական PR-ը», ոչ թե իրական տնտեսությունը:
Հնարավոր է իհարկե Հայաստանը զարգացնել ոչ թե իրական տնտեսության, այլ մի մեծ «հիպերմոլի» տրամաբանությամբ: Դա էլ անշուշտ տարբերակ է: Եվ մեծ հավանականությամբ, հենց դա է «իրական Հայաստանի» տնտեսական «փիլիսոփայությունը»:
Բայց, երբ տնտեսական զարգացման «փիլիսոփայության» գագաթնակետը «հիպերմոլի» տրամաբանությունն է, ուրեմն դա է նաեւ պետականության տրամաբանությունը: Տնտեսությունն այդ իմաստով ինդիկատոր է: Տնտեսության որակը, կառուցվածքը, միտումները, ուղենիշները, գործնական ու առարկայական առաջնահերթությունները, ներդրումային վիճակագրությունը եւ բովանդակությունը, այդ ամենը ոչ միայն տնտեսության, այլ հենց պետության հեռանկարի ինդիկատոր են:
💥 Տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց: Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Մակրոնին շնորհավորել է Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ:
Հիշեցնեմ, որ Մակրոնը այդ մտադրության մասին հայտարարեց երեք օր առաջ, ասելով, որ Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ ընթացքում: 🇹🇷🇫🇷🇵🇸
⚡️⚡️⚡️ Իհարկե այս իմաստով եվրոպական եռյակի համար Մերձավոր Արեւելքում խնդիրը ավելի գլոբալ է: Եռյակը ենթակա է ռեգիոնի մեծ վերափոխման գործընթացից դուրս մնալու կամ գործընթացում առաջին ջութակի դեր չունենալու ռիսկին: Ի տարբերություն հարյուրամյա վաղեմության շրջափուլի, երբ մերձավորարեւելյան ռեգիոնը ըստ էության գծում էին գերազանցապես Ֆրանսիան ու Բրիտանիան, այսօր ռեգիոնի տրանսֆորմացիայի «ճարտարապետները» Վաշինգտոնը, Մոսկվան ու Պեկինն են:
Ավելին, եվոպական դերակատարները անգամ կարող են զիջել ռեգիոնի ավելի համեստ դերակատարների մասնակցությանը՝ Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա:
Փարիզը, Լոնդոնն ու Բեռլինը այդ իմաստով փորձում են հավաքականորեն բարձրացնել իրենց դերը: Ընդ որում, նրանց միավորում է գերազանցապես այդ հանգամանքը, որովհետեւ առանձին-առանձին նրանց էքզիստենցիալ, ռազմավարական ընկալումներն ու նպատակները ամենեւին աչքի չեն ընկնում միասնությամբ:
Բայց, այժմ նրանք փորձում են լուծել դերը պահելու խնդիրը եւ հատկանշական է, որ երեքի հեռախոսազրույցը տեղի է ունենում նաեւ Ստամբուլում եռյակի եւ Իրանի բանակցությունից հետո: Բանակցությունը տեղի է ունեցավ հուլիսի 25-ին: Եվրոպական եռյակը փորձում է Իրանի միջուկային հարցնն օգտագործել եւ բարձրացնել պատժամիջոցների հարցը, այդ կերպ փորձելով ստեղծել նոր իրավիճակ եւ «մտնել խաղի» մեջ: Թեհրանը կտրականապես մերժում է նրանց մոտեցումը:
Չի բացառվում, որ առաջիկա օրերին սերտ համակարգմամբ ինչ որ քայլերի մասին Մերցի հայտարարությունը վերաբերեր հենց այս ասպեկտին:🇫🇷🇬🇧🇩🇪