💥 Իլհամ Ալիեւի հարցազրույցին Նիկոլ Փաշինյանի արձագանքի բովանդակային կետերին կփորձեմ անդրադառնալ վաղը: Մինչ այդ սակայն, ըստ իս ամենից էականը տվյալ պարագայում այն է, որ Ալիեւի հարցազրույցի ընթացքում հնչածին Փաշինյանը որոշեց անդրադառնալ այսպես ասած օպերատիվ եւ համապարփակ:
Մեծ հաշվով, Ալիեւի հարցազրույցում Հայաստանի հասցեին ուղղված հայտարարություններում կարծես թե չկար առանձնապես բովանդակային նոր բան, այսինքն դրանք այս կամ այն կերպ թե նա, թե նրա տարբեր ենթականեր հնչեցրել են անցնող ամիսների կամ տարվա ընթացքում: Մեծ հաշվով, առանձնապես բովանդակային նոր բան չկար նաեւ Փաշինյանի արձագանքում: Կրկնեմ, ընդհանուր, լայն իմաստի մասին է:
Հետեւաբար, վերստին էական է դառնում հենց այն, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել օպերատիվ, եւ՝ Արմենպրեսին հարցազրույցի ձեւաչափով:
Ըստ իս, սա պարզապես ձեւաչափի եւ ժամանակի ընտրություն չէր եւ վկայում է իրադրությունում որոշակի լարված նյարդի մասին:
💥 Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ:
Հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»:
Սա հետաքրքիր է, եւ ահա, թե ինչու: Նիդերլանդների դեսպանը երկու օր առաջ ԵՄ դիտորդական առաքելության հետ մասնակցել էր հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման՝ Խաչիկ գյուղում: Ներկայումս դիտորդական առաքելության հարցը օրակարգում է բավականին ընդգծված ձեւով: Մի կողմից լրանում է ժամկետը՝ փետրվարին, հետեւաբար պետք է լինի որոշում այն երկարաձգելու հետ կապված, իսկ մյուս կողմից Ադրբեջանը ԵՄ առաքելության հարցը դարձրել է ընդհուպ խաղաղության պայմանագրի պայման:
Ընդ որում, այստեղ կա շատ էական մի երանգ: Ադրբեջանը ընդհուպ Իլհամ Ալիեւի մակարդակով հայտարարում է, թե ԵՄ առաքելությունը դե ֆակտո ՆԱՏՕ-ի առաքելություն է: Ընդ որում, ամենից ուշագրավը «հիմնավորող փաստարկն» է՝ որովհետեւ առաքելության մեջ է ընդգրկվել նաեւ Կանադան:
Կարծես թե Կանադան միակ ՆԱՏՕ անդամն է, կարծես թե մինչեւ Կանադան՝ ԵՄ անդամները, որոնք ներգրավված էին առաքելությունում, չէին ներկայացնում ՆԱՏՕ անդամ երկրներ: Սակայն, ինչու՞ է հիմնավորումը Կանադան, որն ունի ընդամենը 1 ներկայացուցիչ: ԵՄ առաքելությունը դե ֆակտո ՆԱՏՕ-ական հռչակելու Ալիեւի «հիմնավորումը» Կանադան է ոչ թե ՆԱՏՕ անդամ լինելու, այլ ԵՄ «ոչ անդամ» երկիր լինելու բերումով:
Եվ սա թերեւս չունի լոկ այսպես ասած տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիայի նպատակ, որ կա Ալիեւի գնահատականի մոտիվում: Մոտիվը շատ ավելի խորն է: «Ոչ անդամ» երկրի «հիմքով» ՆԱՏՕ-ական բնորոշման հաջորդ աստիճանը թերեւս լինելու է մեկ այլ ԵՄ «ոչ անդամ» երկրի վերաբերյալ հարցադրումը: Թուրքիա: Դրա համար է, որ Ադրբեջանը տալիս է «ՆԱՏՕ»-ական առաքելություն բնորոշումը հենց Կանադայի, այսինքն «ոչ անդամի» այսպես ասած օրինակով:
Դեռեւս այն ժամանակ, երբ Ադրբեջանը դիտորդական առաքելության անվստահելիության հարցը մոտ երկու ամիս առաջ Բաքվում բարձրացրեց ՆԱՏՕ պատվիրակության առաջ, ես նշեցի, որ Բաքուն թերեւս «ցրցամ» է տալիս Թուրքիային ներգրավելու «գաղափարը»:
Այժմ, Ալիեւն է խոսում Կանադայի, այսինքն «ոչ անդամ» երկրի ներգրավման մասին: Ադրբեջանը մեծ հավանականությամբ կարող է դնել պայման, որ, եթե ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելուն համաձայնի, ապա այն դեպքում, երբ դրանում կլինեն իր համար վստահելի երկրի՝ Թուրքիայի ներկայացուցիչներ:
Այս հարցադրման հավանականությունը շատ մեծ է: Եվ վերստին կրկնեմ հարցը, ԵՄ-ի ի՞նչն էր պակաս, որ պետք էր ներգրավել մեկ կանադացի եւ ստեղծել նախադեպ ու փաստորեն Ադրբեջանին տալ «փաստարկ»: Եվ ինչու՞ էր պետք Հայաստանի հետ համաձայնությամբ սահմանել, որ ԵՄ-ն իրավունք ունի առաքելության կազմ ներգրավել «ոչ անդամ» երկրների:
Ըստ իս, ԵՄ-ն Հայաստանի հետ շփումներում թերեւս սկսել է շոշափել այս սցենարը՝ որպես Ադրբեջանի «արգելքը» հաղթահարելու տարբերակ:🇦🇲🇪🇺
💥 Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, եւ ըստ թուրքական կողմի հաղորդագրության, Էրդողանը ողջունել է, որ Փարիզը դիվանագիտական պատվիրակություն է ուղարկում Դամասկոս:
Էրդողանն ու Մակրոնը հանդիպեցին նոյեմբերի 7-ին՝ Բուդապեշտոյմ, Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում: Այդ ժամանակ թեժ էր իրավիճակը Լիբանանում, որը Մերձավոր Արեւելքում Ֆրանսիայի համար թերեւս ամենազգայուն կետն է: Բուդապեշտյան հանդիպմանը քննարկել էին մերձավորարեւելյան իրավիճակը: Իսկ Սիրիա՞ն: Թերեւս կասկած չկա, որ այդ ժամանակ արդեն հստակեցված էին ծրագրերը դեպի Դամասկոս զինված արշավի առնչությամբ, որ ձեռնարկվեց Մակրոն-Էրդողան բուդապեշտյան հանդիպումից 18-19 օր անց:
Մենք պետք է արձանագրենք, որ Աֆրիկայում զգալիորեն զիջած Ֆրանսիան կանգնած է նաեւ Մերձավոր Արեւելքում նահանջի ճանապարհին: Սիրիայի իրադարձությունների ֆոնին խոսում ենք Ռուսաստանի եւ Իրանի անհաջողությունից, բայց այդ շարքում է նաեւ Ֆրանսիան, որը Սիրիայում չկար անմիջականորեն, սակայն ռուս-իրանական բալանսի շնորհիվ կարող էր շատ ավելի կենսունալ լինել Լիբանանում:
Իսկ այսօր Ֆրանսիան Լիբանանում «փակվում» է Թուրքիայով ու Իսրայելով, զգալիորեն մնալով ԱՄՆ խնամքին: Բայց, Տրամպը կարծես թե չունի այդ խնամակալության միտքը, քանի որ հայտարարում է, որ Թուրքիան է լինելու իր լավ դաշնակիցը այնտեղ:
Ըստ ամենայնի հենց դրանում պետք է փնտրել Իվանիշվիլիին Մակրոնի զանգի մոտիվը, որի միջոցով Մակրոնը գուցե փորձում է «շրջափակման» մեջ չմնալ Հայաստանում: 🇫🇷🇹🇷🇦🇲🇬🇪
💥 Ալիեւի հարցազրույցի մասին:
Ըստ էության, չեմ ուզում անդրադառնալ առանձին հայտարարությունների, գուցե դրա առիթներ կլինեն հետագայում:
Ընդհանուր առմամբ, հենց սկզբից ուշադրության արժանին այն է, թե ինչու՞
Կիսելյովը որոշեց տարեվերջին հարցազրույց վերցնել Իլհամ Ալիեւից, որի առաջին հարցն էլ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության մասին հռչակագրի հիշեցումն էր:
Այդ հռչակագիրը ստորագրվեց 2022 թվականի փետրվարի 22-ին, փաստացի Ուկրաինայի դեմ պատերազմից երկու օր առաջ: Փաստորեն, այդ պատերազմից առաջ Ալիեւը այսպես ասած վերջին միջազգային դերակատարն էր, որի հետ հանդիպեց եւ անգամ դաշնակցային հռչակագիր ստորագրեց Պուտինը:
Ըստ իս շատ էական է պահը, երբ Կիսելյովի, այսինքն նշանային ֆիգուրի միջոցով հարցեր են տրվում Ալիեւին՝ հրապարակավ: Սա շատ կարեւոր է, հրապարակավ: Այսինքն, Ռուսաստանը նրանից «կորզում» է հրապարակային «ցուցմունք»՝ առ հավատարմություն 2022 թվականի փետրվարի հռչակագրին: Եվ ամենից կարեւորը պահն է. Ուկրաինայի հարցում էապես նոր շրջափուլ, որը կենթադրի կամ պատերազմի ավելի դաժանացում եւ հետեւաբար նաեւ համաշխարհային ավելի սուր մետաստազներ, կամ պատերազմի դադար: Երկու դեպքում էլ Ռուսաստանի համար էական է լինելու Ադրբեջանի վարքագիծը:
Ալիեւի հարցազրույցը այդ իմաստով ըստ էության այն մասին էր, որ դուրս չի գա Ռուսաստանի դեմ: Բնականաբար, դա Ղուրանի վրա երդում չէր, բայց այդուհանդերձ հրապարակային մեսիջինգը իհարկե ենթադրում է պատասխանատվության որոշակի շերտ, ինչը ստանալն էլ եղել է թերեւս հարցազրույցի մոսկովյան մոտիվը:
Ըստ իս, Երեւանի համար այստեղ կա հետեւյալ խնդիրը՝ զգայականությունից դուրս, նախապաշարումներից ու կարծրատիպերից դուրս գնահատել իրավիճակը, հարցազրույցի այս լայն համատեքստն ու դրա վրա կառուցել որոշակի առարկայական խոսակցություն տարավերջին Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ գագաթնաժողովի առիթով հավաքի շրջանակում:
🔴🔴🔴 «Եվրոպան պետք է գործելու լծակներ գտնի: Եթե Եվրոպան չի կարող լծակներ գործադրել 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է ակնկալել մրցակցել 21-րդ դարի հսկաների հետ», հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին:
Տիկնոջ հայտարարության տոնը ակնառու կերպով պարունակում է հիասթափության ելեւէջներ: Դա հասկանալի է, ըստ ամենայնի նրան հուսադրելով կարգեցին ընդդիմության այսպես ասած առաջնորդող, սակայն պարզվեց, որ գործնականում նրա դերը լիովին հակառակն էր:
Ի դեպ, տիկին Զուրաբիշվիլիի դերի մասին գրել եմ Վրաստանի խորհրդարանի նախագահի ընտրությունից անմիջապես հետո, երբ նա միացավ հետընտրական բողոքի ակցիաներին:
Զուրաբիշվիլին իհարկե առաջին, եւ անկասկած ոչ էլ վերջին գործիչն է, որ ինչ որ արտաքին հույսով ներառվում է քաղաքական գործընթացներում, իսկ հետո արտահայտում իր հիասաթափությունն այդ կապակցությամբ:
Այստեղ է այն կարեւորագույն հատկանիշի արժեքը, որի մասին խոսում եմ պարբերաբար՝ թե ռազմավարական լայնախոհություն, թե ռազմավարական համբերություն: Այդ հատկանիշները բնականաբար երբեք չեն ապահովագրում քաղաքական անարդյունավետությունից կամ քաղաքական անհաջողությունից, բայց դրանք ապահովագրում են իրավիճակներից, երբ պատում է անթաքույց հիասթափությունն ու հուսախաբությունը:🇦🇲🇬🇪
🔥 Իլհամ Ալիեւը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասում է, որ չկա Ադրբեջանում թուրքական ռազմակայանի կարիք:
Իհարկե չկա, որովհետեւ Ադրբեջանի զինուժն ըստ էության ինքը որպես այդպիսին մի յուրօրինակ թուրքական ռազմակայան է: Հայտարարությունը, թե չկա թուրքական ռազմակայանի կարիք, ըստ էության այլ բան չէ, քան քարոզչական հնարք, որը Մոսկվայում Ադրբեջանի ազդեցության գործակալների բազմաշերտ խմբերին թույլ կտա «հիմնավորել», որ՝ Բաքուն իհարկե սերտ աշխատում է Թուրքիայի հետ եւ դրա շնորհիվ մի քանի ապտակ է հասցրել Ռուսաստանին, բայց թուրքական ռազմակայաններ չեն լինի երբեք:
Իհարկե այս քարոզչական տրամաբանությունը ներկայացրեցի մի քիչ պարզունակ ձեւակերպումով, բայց ըստ իս դա է տրամաբանությունը, որ Ալիեւի հայտարարության տողատակում է:
Ռուսաստանը, իրական քաղաքականության ռեժիմում, ըստ էության վաղուց համակերպված է այդ տրամաբանությանը: Մոսկվայի համար էլ Ալիեւի հայտարարությունը քարոզչական սպառման ապրանք է:
Միեւնույն ժամանակ, իհարկե կա տարբերություն ոչ ֆորմալ ռազմակայանի եւ ֆորմալի միջեւ: Ֆորմալի պարագայում ձեւավորվում են պայմանագրային պարտավորություններ, իսկ ոչ ֆորմալի դեպքում՝ դրանք չկան, հետեւաբար իրավիճակի փոփոխության դեպքում չկան ֆորմալությունից բխող կածկանդող որոշակի հանգամանքներ:
Ադրբեջանը թուրքական ֆորմալ ռազմակայան չի ցանկանում թերեւս այն պատճառով, որ չունի վստահություն, թե Թուրքիայի ռազմա-քաղաքական դերը ռազմավարական հեռանկարում ունի աճման ռազմավարական խորք:
Թուրքիան հմուտ խաղացող, է, հին եւ չափազանց փորձառու խաղացող: Բայց, երբեք պետք չէ մոռանալ, որ փորձված աղվեսը թակարդում է հայտնվում երկու ոտքով, իսկ դրանից բացի՝ այդ մեծ փորձառությունն այդուհանդերձ ոչ թե ինքնուրույն խաղացողի, այլ ուրիշների ռազմավարական խաղերում արդյունավետ, եւ երբեմն նույնիսկ այսպես ասած «երկուստեք» ներգրավվելու բնույթի է: 🇷🇺🇹🇷🇦🇿
🔥 Ուրեմն, հնչում է էսպիսի արտահայտություն.
Արեւմուտքը իհարկե ասում էր, որ թույլ չի տա Արցախում էթնիկ զտում, եւ Արցախին առաջարկում էր ամենալայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, բայց Արցախի իշխանությունը չգնաց Սոֆիա՝ Ադրբեջանի հետ Արեւմուտքի առաջարկած բանակցության, դրա համար էլ եղավ էթնիկ զտում, ոչ թե ինքնավարություն:
Իհարկե կարելի էր մանրամասն ցույց տալ այդ հայտարարության մանիպուլյատիվ բնույթը ըստ բովանդակության, այդ թվում այն առումով, որ բացարձակապես չի եղել լայն ինքնավարության որեւէ առաջարկ:
Բայց, ընդամենը արձանագրենք ժամանակագրություն: Կարդում ենք Ազատություն ռադիոկայանի կայքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի տեղեկատվություն.
«Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է նրանց իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն, լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»: Գիտե՞ք սա ում խոսքերն են: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի, որ հնչեցրել է ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ:
Ուշադրություն դարձրեք, այյդ խոսքերը՝ որ ԱՄՆ չի հանդուրժի էթնիկ զտում, հնչել են էթնիկ զտման գրոհից 5 օր առաջ, եւ Սոֆիայում չկայացած բանակցությունից երեք ամիս անց, երեք ամիս անց:
Եթե այդ հայտարարությունը հնչած լիներ Սոֆիայից 5 օր առաջ, այլ ոչ թե Ադրբեջանի գրոհից 5 օր առաջ, ապա դեռ կարելի կլիներ լուրջ վերաբերել հայտարարությանը, թե Նահանգները այդպես ասում էր՝ ակնկալելով Սոֆիայում հանդիպում:
Բա Սոֆիայում իբր Արցախի «պատճառով» չկայացած հանդիպումից երեք ամիս անց եւ Ադրբեջանի վերջին գրոհից 5 օր առաջ ինչու՞ էր հնչում հայտարարություն, թե Նահանգները չեն հանդուրժի էթնիկ զտում:
Այս պարզ ժամանակագրությունը ցույց է տալիս, թե որքան մանիպուլյատիվ է հայտարարությունը, թե Արեւմուտքն էթնիկ զտում թույլ չտալու մասին խոսում էր, որովհետեւ առաջարկում էր հանդիպում՝ ինքնավարության օրակարգով, իսկ Արցախը մերժեց:
Ափսոսանքն այն է, որ այդօրինակ մանիպուլյատիվ բնույթի հայտարարությունները սպառվում են տասնյակ, հարյուր հազար լսարանով: Իսկ ցավն այն է, որ այդ հայտարարությունները հնչում են Արեւմուտքին արդարացնելու համար, սակայն գործնականում՝ կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի արդարանում է ադրբեջանական ագրեսիան:
⚡️⚡️⚡️ Հայաստանից բացի, էլ ինչպիսի՞ պետությունում է հնարավոր, որ, օրինակ Կենտրոնական բանկի նախագահը մասնակցի որեւէ գործարար համայնքի հավաքույթի, անկախ դրա մասշտաբից:
Սա լուրջ հարց է, ընկերներ: Կենտրոնական բանկ, Սահմանադրական դատարան, ԱԱԾ, Հետախուզություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, Սահմանադրական դատարան:
Սրանք ինստիտուտներ են, որոնց ղեկավարները պետք է լինեն առավելագույն անհասանելի՝ տարատեսակ հավաքույթների առնչությամբ:
Ավելին, այդ «անհասանելիության», «անհանրամատչելիության» բարձր աստիճանն է նաեւ պետական բարձր մշակույթ ձեւավորելու առանցքային նախադրյալներից մեկը:
Այս պաշտոնյաները պետք է թերեւս «դուրս բերվեն» նաեւ պետական արարողակարգի շատ ու շատ միջոցառումներից: Նրանք պետք է անգամ մամուլի համար լինեն «անհասանելի», իսկ այդ բացը պետք է լրացնեն նրանց խոսնակները, որոնց ֆունկցիան ամենեւին ֆեյսբուքյան գործունեությունը չէ:
Հ.Գ. ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդպես էլ ըստ էության որեւէ պետական արձագանքի չարժանացավ հանգամանքը, որ նախորդ տարի Երեւանի քաղաքային Ավագանու ընտրության քվեարկության օրը մասնակից ուժերից մեկի՝ ՔՊ-ի գրասենյակում արձանագրվում է ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաների անբռնազբոս ներկայություն, այն դեպքում, երբ օրենքը շատ հստակ պահանջում է նրանցից քաղաքական չեզոքություն:
💥 ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի փոխնախարարներին հարցնում է, թե որքա՞ն են ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերները, եւ դրանցում որքան է Հայաստանի ընկերությունների մասնակցության կշիռը:
Տասնյակ միլիարդ դոլարների պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը բառի բուն իմաստով չնչին է:
Պատգամավորը էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին ասում է, որ բացասական է գնահատում դա, որ պետք է բիզնեսին իրազեկել, ուղղորդել, որ գնան ու մասնակցեն մրցույթներին, պատվերներ շահեն, Հայաստան փող բերեն, աշխատատեղ բերեն:
Միանգամայն հասկանալի եւ դիպուկ հարցադրում:
Բայց, պետության անելիքն այստեղ միայն իրազեկու՞մն է:
Իմ կարծիքով՝ ոչ: Պետության անելիքը նաեւ այսպես ասած ոչ ֆորմալ է: Այսինքն, քաղաքական բավարար մակարդակի հարաբերություններ, որոնք կունենան «լոբբինգի» իմաստ: Կարծում եմ որեւէ մեկը պատրանք չունի, որ աշխարհի որեւէ երկրում հսկայածավալ պետական գնումների կամ պատվերների մրցույթները չեն անցնում բյուրեղյա արդարության մրցակցությամբ:
Դեր են խաղում բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, պետությունների միջեւ հարաբերություններից մինչեւ անձնական կապեր եւ այլն:
Հետեւաբար հարց է առաջանում, մեր պետությունը ԵԱՏՄ շրջանակում կարողանու՞մ է ապահովել այդ սուբյեկտիվ գործոնների ուղղությամբ բավարար աշխատանք, որը թույլ կտա հայկական բիզնեսին մասնակցել ԵԱՏՄ այլ երկրների պետպատվերների մրցույթին եւ լինել շահելու իրական հավակնորդ:
Առավել եւս, եթե խոսքը ԵԱՏՄ մասին է, որտեղ վերը նշախս սուբյեկտիվ գործոնների ազդեցության տեսակարար կշիռը ընդհուպ մենթալ մակարդակով առավել մեծ է:
Այլապես, կարելի է իհարկե բիզնեսին առավոտից երեկո իրազեկել, որ գնացեք՝ այս մրցույթը կա, այն կա, մյուսը կա, մասնակցեք: Բայց, հենց այդ սուբյեկտիվը հաշվի առնելով, իսկ հաջողելու որքա՞ն շանս կա:
Ես բացարձակ չեմ նվազեցնում հենց բիզնեսի նախաձեռնողության դերը: Այսինքն, բնական է, իրենք պետք է գնան, մասնակցեն, փորձեն ստեղծել կապերը եւ այլն: Բայց, ժամանակակից աշխարհում դա քիչ է, համաշխարհային պատերազմը նաեւ տնտեսական է, ամեն ռեսուրսի, ամեն միլիոնի, լումայի համար: Հետեւաբար այն պահանջում է պետության զուգահեռ աջակցություն:
💥 Մանր բիզնեսի հարկային բեռի ավելացման առնչությամբ Նիկոլ Փաշինյանի «բացատրության» այսպես ասած բուն սխեմատիկ հակափաստարկն իհարկե լավագույնս կտան տնտեսության մասնագետները:
Ես ուշադրության արժանացնեմ այլ հանգամանք:
Փաշինյանը «բացատրում» է ընդամենը ֆիսկալ նշանակության՝ այսինքն ավելի ատ փող հավաքելու որոշումը «թալանի վերադարձով»: Սա «մոգական ձեւակերպումն» է: Այսինքն, ոչ թե բարձրացնում ենք հարկային բեռը մանր բիզնեսի համար, այլ՝ «թալանն ենք հետ բերում»:
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի խոսքի հասցեատերը: Իր ընտրազանգվածը: Ինչպես ասել եմ բազմիցս, Փաշինյանն այժմ լուծում է մի խնդիր՝ կանգնեցնել հենց այդ շրջանակում վարկանիշի նվազումը, «խթանել» այն «ռեցեպտորները», որ առավել զգայունն են այդ շերտում: Իսկ դրանք կապված են «թալանի» հետ: Հետեւաբար, Փաշինյանն անում է «մոգական» ձեւակերպումը՝ «թալանն ենք վերադարձնում», այդ իր ընտրազանգվածի կորիզի այդ «ռեցեպտորները» խթանելու համար:
Այլ կերպ ասած, նա գործնականում չի էլ փորձում բացատրել հարկային բեռի ավելացումը: Նրա գործողությունը բացարձակապես այդ մասին չէ: Նա գիտե, որ դա բացատրելի չէ: Գիտե, որ միակ տրամաբանական բացատրությունը այն է, որ «մեզ պետք է շատ փող հավաքել»: Մինչդեռ, հո չի՞ ասվի այդպես: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նաեւ լավ է պատկերացնում այն մյուս բացատրության «անհեթեթությունը», թե այսպես է արվում՝ բիզնեսի խոշորացում խթանելու համար:
Ընտրազանգվածին դա չի ասում ոչինչ, իսկ մնացյալ հանրային եւ առավել եւս տնտեսական շերտերի համար դա նույնիսկ զավեշտալի է:
Ինչպես նշեցի՝ հնարավոր չէ ասել նաեւ, որ պարզապես կայացրել ենք ֆիսկալ տրամաբանությամբ որոշում, որովհետեւ բյուջեի դեֆիցիտը շատ մեծ է, պետական պարտքը՝ ավելանում է, իսկ մեր տնտեսական քաղաքականությունը չի պատասխանում գոյություն ունեցող մարտահրավերներին:
Մնում է օգտագործել ընդամենը «առիթը»՝ հարկային բեռի ավելացումից ստանալ քարոզչական էֆեկտ ընտրազանգվածի հետ հարաբերությունում: Եվ հնչում է «մոգականը»՝ «թալանն ենք վերադարձնում»:
Իհարկե չկա «թալանի վերադարձ», որպես այդպիսին: Հարկային բեռը ծանրանալու է մանրների վրա, որովհետեւ խոշորները ինչպես միշտ գտել ու գտնում են կառավարող ուժի հետ պայմանավորվելու հնարավորությունը: Այո, գուցե մի փոքր էլ վճարեն ավելի՝ պայմանավորվելու գինը: Բայց, մեծ իմաաստով այդ պայմմանավորվածությունը լինելու է մանր ու միջին բիզնեսի հաշվին:
Դա օբյեկտիվ օրինաչափություն է ամենուր: Եբ դու խոշորի ստվերի դեմ պայքարելու համար «ծուխ» ես բաց թողնում մանր ու միջին «բնից» նրան դուրս հանելու տրամաբանությամբ, խոշորը գտնելու է «օդանցք»՝ դրա համար էլ նա խոշոր է, իսկ «ծխից» խեղդվելու է մանրն ու միջինը:
Այլ կերպ ասած, գործ ունենք ոչ «ստվերի դեմ պայքարի» եւ ոչ էլ «թալանի վերադարձի» հետ, այլ ընդամենը խոշոր բիզնեսի ու կաառավարող ուժի միջեւ հերթական մի տնտեսա-քաղաքական գործարքի, որի գինը դրվում է մանր ու միջին բիզնեսի վրա: Այդպիսի գործարքներն իրենց տրամաբանությունն ունեին մինչեւ 2018-ը եղած համակարգում, եւ նոր տրամաբանությամբ ծավալվում են 2018-ից հետո:
💥 Իհարկե կասեք, որ կա Իսրայելը: Այսինքն, Իսրայելն է ձգտում ադպիսի պատերազմի եւ ԱՄՆ-ին ներգրավելուն: Ես այստեղ կառանձնացնեի Իսրայելն ու ներկայիս վարչակազմը, մասնավորապես Նաթանյահուին:
Նաթանյահուին ձգտում է ավելի մեծ պատերազմի, դրանում տեսնելով իր քաղաքական կենսունակությունը: Բայց, այդուհանդերձ ինձ թվում է, որ նրա առանձնատան երկու թիրախավորումները նրան հուշեցին, որ պատերազմի հետ ինքնամոռաց խաղը կարող է լինել վտանգավոր, ու այն, ինչ դիտվում է քաղաքական փրկություն, իրականում կարող է դառնալ լրիվ հակառակի պատճառ:
Իսրայելը ԱՄՆ համար դարձել է խնդիր: Երբ փոխվում է ռեգիոնալ ուժերի հարաբերակցությունը, բայց չի փոխվում ամերիկա-իսրայելական հարաբերության մեխանիկան, այդտեղ առաջանում է մեծ խնդիր: Այստեղ իրավիճակը մի քանի անգամ առիթ եմ ունեցել նմանեցնել հայ-ռուսական հարաբերության հետ: Այդ հարաբերության «մենթալ», «սոցիալ-հոգեբանական» հիմքը եւ ռազմա-քաղաքական ճարտարապետությունը ըստ էության որոշակի պահից սկսել է հակասության մեջ մտնել ռեգիոնալ ուժերի հարաբերակցության հետ, ըստ այդմ ՌԴ համար դրանից բխող անհրաժեշտությունների հետ:
Դրսեւորումները ամերիկա-իսրայելական հարաբերության պայմաններում կարող են այլ լինել, շատ ավելի անաղմուկ, քանի որ ԱՄՆ-ում իսրաայելական լոբբին անհամեմատ ավելի ազդեցիկ է, քան օրինակ Ռուսաստանում հայկկան լոբբին: Դրանից բացի, օրինակ ԱՄՆ կարողացավ փափուկ տեխնոլոգիաներիկիրառումով իր օգտին ծառայեցնել հայ-ռուսական նշածս խնդիրը, իսկ ահա Ռուսաստանը կամ որեւէ այլ սուբյեկտ չունի համարժեք փափուկ տեխնոլոգիական կարողություններ՝ ամերիկա-իսրայելական խնդիրը քարոզչական վերարտադրության ենթարկելու համար:
Բայց, խնդիրը կա: Ավելին, նույնիսկ մեծ հարց է՝ երբ խնդիրը կա, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում առավել նախընտրելի է, որ այն շոուտ դուրս գա ջրի երես, թե՞ երկար ժամանակ շարունակվի դրա ստորջրյա լողը եւ դրանից բխող լարվածության լիցքերի կուտակումը:
Սրանք իհարկե տեսական քննարկումների եւ բանավեճի հարցեր են, բայց համենայն դեպս պատկերը բոլորովին միարժեք չէ:
Այդ տեսանկյունից, Իրանն ըստ իս դեռ պետք է լինելու Միացյալ Նահանգներին, ընդ որում՝ ուժեղ եւ կենսունակ Իրանը:🇺🇸🇮🇷🇮🇱
💥 Սիրիական իրադարձությունների ֆոնին խոսվում է գազային մոտիվի մասին, հետեւյալ տրամաբանությամբ. Կատարից Թուրքիա ու Եվրոպա գազամուղ, որը հակառուսական նավթագազային նախագիծ է եւ պետք էր հանել այդ նախագծի արգելքը՝ Բաշար Ասադին եւ ռուսական ազդեցությունը:
Կարծում եմ սակայն, որ այսօր այդ բաղադրիչն ավելի շատ մեդիակիրառության նյութ է, քան Սիրիայում իրադարձությունների մոտիվ:
Այո, այդօրինակ գազամուղի գաղափար Կատարն այսպես ասած առաջ էր քաշել 2000-ականներին, ու այն ժամանակ խոսքը վերաբերել է 10 միլիարդ դոլար արժողությամբ նախագծին, որը Եվրոպայի համար պետք է լիներ ռուսական գազին այլընտրանքի աղբյուր:
Սիրիան պետք է լիներ դրա ճյուղերից մեկը: Այդ նախագիծը սակայն բավականին բարդ էր այն ժամանակ, եւ առավել եւս բարդ է այսօր: Խոսքը բնականաբար աշխարհաքաղաքական բարդությունների մասին է, որոնց շարքում Ասադի իշխանության խնդիրը չափազանց փոքր է: Գուցե նույնիսկ խնդիր էլ չէ:
Գազամուղը Սիրիա հասնելու համար պետք է անցնի կամ Իրաքի, կամ Սաուդյան Արաբիայի տարածքով: Իսկ Եվրամիությունը ցանկանու՞մ է, կամ ցանկանալու՞ է ունենալ օրինակ կախվածություն այդ երկրների տրանզիտից: Երկրներ, որոնք մի ռեգիոնում են, որտեղ Եվրոպայի քաղաքական գործունեության եւ ազդեցության հնարավորությունները բավականին սուղ են:
Մյուսը, իսկ ԱՄՆ, որ Եվրոպան դիտարկում է իր սեղմած գազի հիմնական շուկա, շահագրգռվա՞ծ է, որպեսզի կառուցվի այդպիսի մի գազամուղ եւ այդ կերպ ստեղծվի ըստ էության նաեւ իր սեղմած գազի այլընտրանք:
Կատարն այսօր իր գազը Եվրոպա է արտահանում տանկերներով, եւ ըստ ամենայնի Դոհան ամենեւին դժգոհ չէ այդ տարբերակից, ինչի վկայությունն է այն, որ բառացիորեն նախօրեին QatarEnergy ընկերությունը պայմանագիր է կնքել իր տանկերների «պարկը» վեցով ավելացնելու մասին:
Հարցերը հնարավոր է թվարկել շատ երկար, եւ, ի վերջո, ընկերներ, վերջապես պետք է ընդունել՝ Սիրիայում իրավիճակի փոփոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Ռուսաստանի դիմադրության բացակայությամբ, այլ ըստ էության նույնիսկ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ:
Նորից եմ հիշեցնում՝ նոյեմբերի 2-ին, Իդլիբից դեպի Հալեպ գրոհի նախօրեին, տեղի է ունեցել Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հեռախոսազրույց:
Ռուսաստանը Սիրիայից տարել է իր «ավարը»՝ Ասադին:
💥 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 15-ին մեկնել է Ֆրանսիա: Այցի առումով ուշադրության արժանացնենք երեք հանգամանք:
1.Պապիկյանը մեկնում է ԱՄՆ կատարած այցից հետո, որտեղ ունեցել է հանդիպում Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ:
Այստեղ ուշադրության է արժանի այն, որ խոսքը հեռացող ղեկավարի մասին է: Օսթինը մեկ ամիս եւ մի քանի օր անց այլեւս չի լինի ԱՄՆ պաշտպանության նախարար, եւ ընդհանրապես ԱՄՆ-ում կլինի լիովին ուրիշ վարչակազմ: Դոնալդ Տրամպը կնշանակի նոր նախարար:
Մինչ այդ, Տրամպը այցելել էր Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաօծման առիթով: Նա հանդիպեց Էմանուել Մակրոնի հետ: Այդ այցից հետո Մակրոնը զանգահարել է Վրաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այս հանգամանքը թույլլ է տալիս դիտարկել տարբերակ, որ Կովկասի առնչությամբ Տրամպը Ֆրանսիային հուշել է հարցերով զբաղվել ինքնուրույն, առանց ԱՄՆ շոշափելի աջակցության ակնկալիքի, քանի որ Վաշինգտոնն ունենալու է այլ առաջնահերթություն:
Հնարավոր է, որ այդ համատեքստում, Սուրեն Պապիկյանին էլ նահանգներում ընդունելով Պենտագոնի ղեկավարի մակարդակով, այդուհանդերձ դե ֆակտո խորհուրդ են տվել առարկայական գործակցության առումով խոսել ավելի շատ Ֆրանսիայի հետ:
2. Սուրեն Պապիկյանը մեկնում է Ֆրանսիա այդ երկրում կառավարության փոփոխության ֆոնին: Մի քանի օր առաջ Ֆրանսիայում խորհրդարանական ձախերն ու ծայրահեղ աջերը անվստահություն հայտնեցին աջ պահպաանողական, հանրապետական Միշել Բերնիեյի կառավարությանը:
Դա տեղի ունեցավ Տրամպի Փարիզ այցից օրեր առաջ: Նախագահ Մակրոնը նոր վարչապետ նշանակեց Տրամպի այցից հետո, թեեւ փորձագետները դիտարկում էին, թե արդյո՛ք Մակրոնը կփորձի մինչեւ Տրամպի այցը նշանակել վարչապետ: Տրամպի այցից օրեր անց Մակրոնը վարչապետի պաշտոնին նշանակեց կենտրոնամետ Ժողովրդավարական շարժում կուսակցության հիմնադիր Ֆրանսուա Բայրուին:
Ընդ որում, ֆրանսիական մամուլում հրապարակվել է տեղեկություն, թե Մակրոնը մտադիր է եղել նոր վարչապետ նշանակել Ֆրանսիայի պաշտպանության նախարար 38-ամյա սեբաստիան Լըկորնյուին, որն իր կուսակիցն է, սակայն կենտրոնամետները՝ Բայրուի գլխավորությամբ, նրան ասել են, որ, եթե վարչապետ չնշանակվի Բայրուն, իրենք չեն աջակցի Մակրոնի ուժին: Իսկ այդ դեպքում, առանց նրանց աջակցության, Մակրոնը չէր կարող նշանակել վարչապետ:
Սուրեն Պապիկյանը փաստորեն Ֆրանսիա է մեկնում նոր վարչապետի նշանակումից մի քանի օր անց: Հարց է առաջանում, նրան հրավիրել են հենց ա՞յդ առնչությամբ, այսինքն՝ նոր իրավճակից բխող ինչ որ հարցեր քննարկելու՞: Ֆրանսիայի նոր վարչապետը արդյո՞ք կփոխի պաշտպանության նախարարին, այսինքն նախագահ Մակրոնի առաջ դրված կլինի՞ այդպիսի պայման, կամ որեւէ պայման նախարարության գործունեության հետ կապված: Այս հարցերը թերեւս ունեն հիմք, հաշվի առնելով Ֆրանսիայում կառավարության փոփոխությանը:
Մեծ է հավանականությունը, որ Պապիկյանը մեկնում է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Համենայն դեպս, դրա մասին կարող է վկայել երրորդ ուշագրավ հանգամանքը:
3.Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակությունը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Երեւանում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական պաշտպանական խորհրդակցություն, այլ հանդիպումներ:
Պն հաղորդագրության մեջ նշվում էր, որ «կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող»:
Թե ինչ ասել է «ավելի բարձր նշաձող», չի մանրամասնվում: Պապիկյանը կարո՞ղ էր ֆրանսիական պատվիրակության միջոցով ստացած լիներ Փարիզ մեկնելու եւ այդ «ավելի բարձր նշաձողի» հետ կապված հարցեր քննարկելու հրավեր: Ի դեպ հարկ է նկատել եւս մի ուշագրավ հանգամանք, որ ֆրանսիական պատվիրակության հետ այդ քննարկումներից հետո էլ Հայաստանի ՊՆ է այցելել եւ նախարար Պապիկյանի հետ հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին: Չենք կարող բացառել, որ հենց նա է փոխանցել Փարիզ այցի հրավեր:
🇦🇲🇫🇷
🔥Հարգելի ընկերներ ու հետեւորդներ, գրեթե երկու ամիս առաջ հայտնեցի իմ Պատրեոնի մասին, առաջարկելով բաժանորդագրվել, եթե իհարկե թույլ է տալիս ձեր ֆինանսական հնարավորությունն ու անշուշտ՝ եթե հետաքրքիր է այն կոնտենտը, որ ես կարողանում եմ ապահովել իմ ֆեյսբուքյան, եւ վերջին շրջանում իհարկե հիմնականում տելեգրամյան հարթակում:
Ինչպես նշել էի, ձեր աջակցության ակնկալիքի նպատակը իմ ձեւավորած կոնտենտի մատուցման ձեւաչափային հնարավորության ընդլայնումն է, բացառապես:
Այժմ վերստին հիշեցնում եմ այդ մասին, եւ ԳԼԽԱՎՈՐԸ. անձնապես հայտնում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ՝ իմ Պատրեոնին բաժանարդագրված ԲՈԼՈՐ ընկերներին ու հետեւորդներին:
Պատրեոնի հղումը կարող եք գտնել ալիքի գրառումների ժապավենի վերնամասում: 👆👆
🔴🔴🔴 Ի դեպ Վատիկանի ֆինանսական գործերի վերաբերյալ ուշագրավ անդրադարձ է հրապարակել բրիտանական Դեյլի Էքսպրես տաբլոիդը, որն ունի պահպանողական ուղղվածություն եւ պատկանում է ծագումով հրեա բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Դեսմոնդին:
Դեյլքի Էքսպրեսը հայտնում է, որ Վատիկանը ունի վճարունակության ռիսկ, քանի որ արձանագրել է եկամուտների կտրուկ անկում: Ըստ տեղեկության, Վատիկանի կենսաթոշակային հիմնադրամի ընթացիկ վնասը կազմում է 631 միլիոն եվրո: 2023 թվականի տվյալով, Վատիկանի օպերաիոն դեֆիցիտը կազմել է 83 միլիեն եվրո, ինչը 5 միլիոնով ավելին է, քան 2022 թվականին:
Բրիտանական պարբերականը հայտնում է, որ այդ վիճակի պատճառը այն է, որ էապես նվազելլ է կաթոլիկ եկեղեցիների եւ հանրության նվիրատվությունների ծավալը, ինչը պայմանավորված է Ֆրանցիսկոս պապի գործունեության հանդեպ դժգոհությամբ:
Դեյլի Էքսպրեսը մեջբերում է նաեւ Պապի խոսքերը, որը եւս խոստովանել է ֆինանսական ճգնաժամի ռիսկը, ասելով, որ կա միջնաժամկետ հեռանկարում մենսաթոշակային վճարումները իրականացնելու ռիսկ: Ֆրանցիսկոս Պապի խոսքով, ներկայիս ֆինանսական համակարգը պետք է փոխվի, որպեսզի հնարավոր լինի գտնել ճգնաժամի լուծում:
Հանգանակությունները Վատիկանի ֆորմալ եկամտի երեք հիմնական աղբյուրներից մեկն են, անշարժ գույքի վարձավճարների եւ թանգարանների զբոսաշրջային այցելությունների կողքին:
Իհարկե միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ Վատիկանը ունի նաեւ ոչ ֆորմալ ռեսուրսներ, կամ ռեսուրսներ, որոնք այսպես ասած գանձարանի ուղիղ ենթակայության ներքո չեն, բայց որոնք խոշոր հաշվով կազմում են Վատիկանի շարունակվող միջազգային ազդեցության անկյունաքարերից մեկը:
Իհարկե այստեղ արդեն մեխանիզմը քիչ ավելի բարդ է: Այսինքն, Վատիկանի՝ կաթոլիկ քրիստոնյա աշխարհի առաջնորդող կենտրոն լինելու հանգամանքը միջոց են դիտում ֆինանսա-բանկային համաշխարհային սեկտորի առաջատարներըմ, իսկ Վատիկանն էլ նրանց է դիտարկում իր համար որոշակի ռեսուրսերի աղբյուր: Մի քիչ համառոտ եւ պարզունակ նկարագրեցի սխեման, սակայն այդ փոխադարձության հիման վրա է այսօր ձեւավորված Սուրբ Աթոռի համաշխարհային դերը: Իհարկե այդուհանդերձ դավանա-քաղաքական բաղադրիչի հույժ կարեւորությունը այսպես ասած մեկնակետային, անկյունաքարային գործոն է, որը թույլ է տալիս «ոչ մի դիվիզիա», ոչ մի հրթիռ, «օրեշնիկ» կամ միջուկային մարտագլխիկ չունեցող Վատիկանին ունենալ էական դերակատարում համաշխարհային գործերում:
Ի դեպ, սա իհարկե ամենեւին այսպես ասած պարզունակ համեմատության համար չէ, որ կասեմ, բայց այդ հանգամանքը ցույց է տալլիս, որ՝ ինչքան էլ միջազգային հարաբերություններում որոշիչ է ուժը, այդուհանդերձ կան ոչ պակաս նշանակալի այլ «ոչ ուժային» ուժեղ գործոններ, որոնք սակայն պահանջում են իրենց առկայությունը հասկանալու եւ կիրառելու հմտություն ունեցող վերնախավեր:
🇻🇦
🔥 Այսպես կոչված «ուղիղ գծի» ընթացքում Պուտինը բնականաբար պետք է պատասխաներ Սիրիայի վերաբերյալ հարցերին: Պարզ է, որ, երբ նրան հարցնեին, թե Ռուսաստանը պարտվեց այնտեղ, պետք է հետեւեր մերժող պատասխան՝ չենք պարտվել: Հասկանալի, գերտերությունը երբեք չի խոստովանի պարտությունը, եթե անգամ լինի այդպիսին:
Սիրիայի վերաբերյալ հնչեցին տարբեր գնահատականներ, սակայն դրանցից կառանձնացնեմ երեքը, որոնք, ըստ իս՝ նշանային են:
Պուտինը հայտարարեց, որ Հալեպը գրավել է 350 զինյալ, իսկ 30 հազարանոց կառավարական բանակն ու «իրանամետ ստորաբաժանումներ» նահանջել են առանց կռվի: Այստեղ ուշադրության առարկան «իրանամետ ստորաբաժանումների» հիշատակումն է: Սա, ըստ իս, պարունակում է որոշակի «մեղադրական տողատակ» կամ «կսմիթ»:
Բայց, իհարկե թերեւս պետք է չընկալենք այն պարզունակ տրամաբանությամբ, որ՝ իրանցիներն են ամեն ինչի մեղավորը: Փոքր ինչ ամբողջացնելու համար հիշատակեմ իմ սուբյեկտիվ գնահատմամբ, մյուս էական հայտարարությունը, որ հնչել է Պուտինի «ուղիղ գծի» ընթացքում. «Սիրիայում կատարվածի գլխավոր շահառուն Իսրայելն» է:
Հիմա, փոքր ինչ համադրենք որոշակի իրողություններ: Սիրիայում թուրքական աջակցությունը վայյելող զինյալները Հալեպի, իսկ հետո ինչպես պարզվեց՝ Դամասկոսի ուղղությամբ արշավը սկսում են գրեթե մեկ-երկու օր անց այն համաձայնությունից, որ կայացվեց Լիբանանի հարցում: Իսկ Լիբանանի հարցում համաձայնությունը անկասկած եղել է ոչ թե Իսրայելի ու Հըզբոլլահի, այլ Իսրայելի եւ Իրանի միջեւ: Իհարկե, նաեւ ԱՄՆ ու Վատիկանի գործուն ներգրավմամբ:
Հիմա, երբ համադրում ենք Իրանի վերաբերյալ բավականին թափանցիկ ակնարկը՝ «առանց կռվի նահանջելու» մասին, ինչպես նաեւ Իսրայելի՝ գլխավոր շահառու լինելու վերաբերյալ հայտարարությունը, արդյո՞ք ստանում ենք համատեքստ, որի միտքը հետեւյալն է՝ Սիրիայում տեղի ունեցածը Անկարա-Մոսկվա պատասխան էր Թեհրան-Թել Ավիվ լիբանանյան համաձայնությանը:
Եվ երրորդ էական հայտաարարությունը, որ ըստ իս հնչեցրել է Պուտինը: Մասնավորապես, նա հայտարարում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը պայմանավորված չէ ընթացիկ կոնյուկտուրայով եւ իրենք համարում են, որ մերձավորարեւելյան խնդիրը պետք է լուծվի Պաղեստին պետության ստեղծումով:
Կրկնեմ, Պուտինն իհարկե որեւէ կերպ չէր խոստովանելու, որ Սիրիայում Ռուսաստանը ձախողվել է եւ ստիպված է եղել նահանջել, բայց նաեւ Սիրիան իրապես մեծ խաղատախտակի մի վանդակն է, պատկերը պետք է չափել ամբողջ խաղատախտակով:
Այդ իմաստով, նա փաստացի ազդարարում է, որ գլխավոր նպատակը Պեղեստին պետության ստեղծումն է: Իսկ ի՞նչ է նշանակում Պաղեստին պետության ստեղծում: Դա նշանակում է Իսրայել պետության՝ ներկայիս տեսքով գոյության դադարեցում:
Պուտինն ասուլիսում ըստ էության ակնարկում է հենց այդ ռազմավարական նպատակի մասին: Վստահելի՞ է ակնարկը, թե՞ ոչ: Սա այլ հարց է, բայց ակնարկը բավականին «թափանցիկ» է: 🇷🇺🇹🇷🇮🇷🇮🇱🇸🇾
🔴🔴🔴 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «ցուցադրաբար» նյարդայնանում է, թե մարդկանց՝ հեղեղումից տուժածներին, փող պետք է տրվի, բայց բյուրոկրատական տարուբերումներ են, եւ այլն:
Մարդկանցից շատերն էլ գուցե կլսեն, կասեն՝ տես է, թե մեր նյարդերի հետ են խաղում ապաշնորհ չինովնիկները, թե էս մարդու՝ մինչեւ չնյարդայնանա, հարց չի լուծվում:
Փաշինյանի հնարքը հաշվարկված է իհարկե հենց այդ շերտերի վրա:
Որովհետեւ, ավելի կրթված՝ ոչ նորաձեւության համար, այլ պարզապես կրթված, գրագետ, մտածելու կարողությամբ աչքի ընկնող հանրությունը նվազագույնը հարց կտա, թե այս տարիների ընթացքում ի՞նչ է արվել՝ քաղաքացուն մատուցվող պետական ծառայությունների մեխանիզմները պարզեցնելու, որակը բարձրացնելու համար, որպեսզի չլինի կառավարության նիստերում «բարի ցարի» եւ «վատ բոյարների» պարզունակ հնարք բանեցնելու անհրաժեշտություն:
Չի արվել գործնականում ոչինչ:
💥 Ինչու՞ է Էրդողանը Թուրքիայի խնդիր հայտարարում Առաջին համաշխարհայինի արդյունքի վերանայումը:
Ըստ իս, որովհետեւ ՄԱԿ ԱԽ մշտական միջուկային հնգյակը զբաղված է այլ հարցով: Մինչդեռ, նկատենք, որ առայժմ ըստ էության միայն Էրդողանն է բարձրաձայն խոսել այն մասին, որ անարդար է, երբ աշխարհի ճակատագիրը որոշում են այդ հինգ պետությունները:
Հինգ պետությունները զբաղված են բոլորովին այլ բանով, քան Առաջին համաշխարհայինի արդյունք վերանայելը: Այո, այդ ընթացքում գուցե տեղի ունենան բաներ, որոնք առնչվում են նաեւ այդ արդյունքի վերանայմանը, բայց հնգյակի նպատակը լայն իմաստով, եւ առավել եւս երկու մրջուկային գերհզորների՝ ԱՄՆ ու Ռուսաստանի նպատակը, այլ է՝ ոչ թե որեւէ համաշխարհայինի արդյունքի վերանայում, այլ նոր արդյունքի ձեւավորում, հիմնված ուժերի նոր բալանսի վրա, որ շատ վաղուց գոյություն ունի աշխարհում:
Բնական է, որ նոր արդյունքը ենթադրում է եղածի վերանայում: Բայց եղածի «աղբյուրը» չի եղել մեկը, եղած արդյունքը իր ծագումով եւ կառուցվածքով չի եղել միատարր:
Թուրքիան իր դարդն է «լացում», բայց դա համաշխարհային օրակարգ չէ: Այո, Թուրքիայի «դարդը» մեզ համար ռիսկ է՝ ռիսկ, բայց այն չպետք է դառնա «կողմնորոշիչ»: 🇷🇺🇺🇸🇫🇷🇬🇧🇨🇳🇹🇷
🔴🔴🔴 Ինչ մեղքս թաքցնեմ, դիտեցի Ավինյան-Մարության բանավեճը: Դե, անկեղծ ասեմ, առաջնային մոտիվս ժամանցն էր, սակայն այդուհանդերձ հարկ համարեցի նաեւ ուշադրության արժանացնել, թե արդյո՞ք կողմերը բանավեճի հանգամանքը օգտագործելու էին ինչ որ առանձնահատուկ «քաղաքական մեսիջինգի» համար: Դա՝ հաշվի առնելով այն, որ ներհայաստանյան ավելի մեծ հավակնություն ունի թե Հայկ Մարությանը, թե իհարկե Տիգրան Ավինյանը:
Այդ իմաստով, «բանավեճը» որեւէ կերպ տպավորիչ ու հետաքրքիր չէր:
Բուն բովանդակային առումով՝ տրանսպորտի ռեֆորմի թեմա, առավել եւս այդպիսին չէր:
Թերեւս միակ հետաքրքիրը, որ կարող եմ արձանագրել առաջինը նշածս շերտի առումով, դա Մարությանի հարցն էր՝ տրանսպորտի թանկացման առումով Նիկոլ Փաշինյանի կողմ, կամ դեմ լինելու մասին, եւ Տիգրան Ավինյանի հետեւողական խուսափումը այդ հարցին պատասխանելուց:
Այսքանը: 🙂
💥 https://youtu.be/_eL5cZLEEIk?si=JO1gyqtuOW4aau52
Читать полностью…💥 Ինչն է բուն հարցը՝ Արեւմուտքին արդարացնելը կամ դատապարտե՞լը: Ոչ: Որովհետեւ հարցը այդ համատեքստով դնելիս, մենք շեղվում ենք բուն խնդրից:
Արեւմուտքին, եւ ըստ էության որեւէ ուժային գերկենտրոնի արդարացնելու հարց իսկ չպետք է լինի: Դատապարտելու՞: Ոչ, այդպիսի հարց էլ ինքնին չպետք է լինի:
Հարցերը ընդհանրապես պետք է լինեն փաստարկված: Իսկ այդ պարագայում, կարող է առաջանալ պատասխանատվության հարց՝ որեւէ ուժային կենտրոնի առաջ բարձրացնել պատասխանատվության հարց, այն հիմքի վրա, որը ձեւավորվել է հենց այդ կենտորնի մասնակցությամբ եւ նարատիվով: Սա բոլորովին այլ է, պատասխանատվության հարցը մուննաթ չէ, մեկնած մուրացիկ ձեռք չէ, փրկչի հուսահատ փնտրտուք չէ: Երբ դու, որպես պետություն պատասխանատվության հարց ես բարձրացնում դիմացինի առաջ, դա նաեւ առաջին հերթին ենթադրում է, որ ստանձնում ես պատասխանատվություն քո ֆունկցիոնալ պարտավորությունների համար:
Այսինքն, կրկնեմ, այստեղ արդեն չկա մուննաթ, փրկչի փնտրտուք կամ հուսահատություն, եւ այլն: Կա փոխադարձության, հետեւաբար՝ երկկողմ սուբյեկտության հարց, թեկուզ տարբեր կշիռներով ու տրամաբանությամբ:
Այստեղ է գլխավորը: Եվ ուրեմն, պետք չէ ունենալ այդ դաշտից դուրս որեւէ ակնկալիք, կամ առավել եւս զբաղվել հանրության գլխում այդ ակնկալիքի ձեւավորմամբ, իսկ հետո սկսել փնտրել արդարացումներ, որոնք իրականում ոչ թե Արեւմուտքի արդարացում են, այլ՝ սեփական արդարացում, չափազանցված ակնկալիք ձեւավորելու գիտակցմամբ պայմանավորված ինքնարդարացում:
Ընդհանրապես, եթե դիտարկենք իրական քաղաքականության, որոշում կայացնողների շրջանակի «ռեժիմով», ապա թե Արեւմուտքին, թե Ռուսաստանին, թե որեւէ այլ ուժային կենտրոնի Հայաստանում բացարձակ չեն հետաքրքրում իրեն արդարացնելու կամ իր վրա մուննաթ գալու փորձերը: Դրանցով հետաքրքրվում են այդ երկրների չինովնիկական կամ այսպես ասած իսթեբլիշմենտի գուցե որոշ շրջանակներ, բայց ամենեւին ոչ որոշում կայացնողները:
Նրանց համար այդ հարցի մասշտաբը մեղմ ասած «աննշմարելի» է, որովհետեւ նրանք տիրապետում են որոշումների իրագործման բազմազան գործիքակազմի եւ բոլորովին «արդարացվելու» հույսին չեն:
🔴 Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ինքը անասելի քանակությամբ տեղեկատվա-քարոզչական «ջուր» է բաց թողնում դաշտ, «ոռոգելով» ըստ էության ոչինչը: Իր տեղեկատվա-քարոզչական ակտիվությամբ ոչինչը ոռոգելով, Նիկոլ Փաշինյանը իր համար քաղում է դրա քաղաքական պտուղները:
Պտուղներ այն իմաստով, որ նա ըստ էության ստիպում է ընկնել իր, այլ ոչ թե պետության առաջ կանգնած բուն օրակարգերի հետեւից: Թող խոսակցությունը լինի իր մասին, այլ ոչ օրակարգերի, համակարգերի: Թող ընդդիմադիր կամ ընդդիմախոս «կոնսենսուսի» առարկան լինի ինքը, բայց ոչ առարկայական որեւէ գաղափար կամ հեռանկար, որի շուրջ արդեն կարող է ձեւավորվել ոչ միայն ընդդիմախոսություն, այլ աշխարհընկալում եւ համակարգ:
💥 Երբ Ֆորբսն օրինակ հոդված է գրում, որ Սթարլինկը Հայաստանի համար արբանյակային ինտերնետ կապ կապահովի Ադրբեջանի հետ հակամարտությունների ժամանակ, ինձ այդ հոդվածը ավելի շատ ոչ թե ուրախացնում է, այլ՝ մտահոգում:
ԿՐԿՆԵՄ՝ հոդվածը, ոչ թե փաստն ինքնին: Որովհետեւ, Սթարլինկի հասանելիության փաստը անշուշտ գոհացուցիչ եւ ուրախացնող է, ողջունելի:
Բայց, ու՞մ համար է Ֆորբսի հոդվածը: Ադրբեջանի՞, որ հաջորդիվ այս ու այն տեղ նաեւ դա վկայակոչեն, թե՝ «տեսեք, որ ասում ենք Հայաստանը պատրաստվում է մեր դեմ «ռեւանշի»»:
Ուրիշ որեւէ «օգտակարություն» ունի՞ հոդվածը Ֆորբսում: Ընդհանրապես, ինչու՞ են Հայաստանի պաշտպանական կարիքների բավարարման մասին տեղեկությունները շատ ավելի արագ հայտնվում միջազգային այս կամ այն մեդիայում, քան ինքնին այդ ձեռքբերումները առարկայորեն կհայտնվեն Հայաստանի տրամադրության տակ:
Եթե այդ հրապարակումների «ծագումը» կապ ունի Հայաստանի հետ, ապա դա՝ մեղմ դեպքում անխոհեմություն է, բուն խնդիրները ընդամենը ինչ որ քարոզչական էֆեկտի ստորադասելու մանր հաշվարկ: Իսկ, եթե «ծագումը» կապ չունի Հայաստանի հետմ ապա պետք է պարզել ու հասկանալ, թե, իսկ ու՞մ հետ կապ ունի:
Այո, իհարկե Հայաստանը չի անում որեւէ քայլ, որը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքին: Հայաստանն ընդամենը փորձում է իրացնել իր պաշտպանության սուվերեն իրավունքը: Բայց, նաաեւ պետք է հասկանալ, որ այդ ամենը իրական քաղաքականության ռեժիմում շատ վաղուց արդեն անլուրջ ընկալման «փաստարկներ» են: Եվ, որքան էլ հնչի տարօրինակ կամ վրդովեցնող, բայց այդ հրապարակումների «հղումներով» Ադրբեջանի «փաստարկները» կարող են ունենալ ավելի «լուրջ» ընկալում:
🔴🔴🔴 Լուր եմ կարդում, որ հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:
Հետաքրքիր է, իսկ դատավորները երդվել են չբացե՞լ Վոթսափի հաղորդագրությունները, թե՞ չմերժել դրանք: 😉
🔴🔴🔴 https://youtu.be/wdCgAR6JKPc?si=XJf_fPdHxTIHzjG5
Читать полностью…💥 ԱՄՆ նախագահ Տրամպի հայտարարությունը, որ չի բացառում Իրանի դեմ պատերազմը, ըստ իս գերազանցապես քարոզչական բնույթի է: Ինչպես հայտնի է, նրան հարցրել են՝ պատերազմ հնարավո՞ր է, նա էլ ասել է, թե չի բացառում ոչինչ:
Բնական է, որ չէր ասի, թե պատերազմը բացառում է:
Բայց, ըստ իս, Տրամպը չունի Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավվելու որեւէ շահ եւ մոտիվ: Այդ պատերազմը ԱՄՆ համար կդառնա գուցե ավելի մաշող, քան նույնիսկ ուկրաինական պատերազմը ՌԴ համար: Երկրորդ, Իրանն ինչո՞վ է խանգարում ԱՄՆ-ին, եթե հայացքը մի պահ կտրենք զուտ տեղեկատվա-քարոզչական նարատիվներից:
Նկատի ունեմ, ինչո՞վ է խանգարում այն աստիճան, որ լինի պատերազմի մեջ մտնելու կարիք: Իմ կարծիքով, Իրանը չի ներկայացնում ԱՄՆ համար այդպիսի խնդիր: Ընդհանրապես, Իրանի հարցը ռուս-ամերիկյան հարաբերության առանցքային հարցերի տիրույթում է:🇺🇸🇷🇺🇮🇷
🔴🔴 Վրաստանի նախագահի պաշտոնին նախկին ֆուտբոլիստ Միխեյիլ Կավելաշվիլիի ընտրությունը, իսկ գործնականում իհարկե նշանակումը, Հայաստանում տվել է Հենրիխ Մխիթարյանի հետ զուգահեռի առիթ:
Տրամաբանությունը հետեւյալն է՝ մենք էլ ունենք մեր Հենրիխ Մխիթարյանը, մենք էլ մտածենք նրան մի օր այդպես նախագահ կարգելու մասին:
Չեմ կասկածում, որ այդ հեռանկարը կարող է ունենալ հանրային մեծ հավանություն:
Իհարկե նաեւ հումորի գոնե մի փոքր զգացում ունեմ, հասկանալու համար, որ շատ դեպքերում Մխիթարյանի հետ զուգահեռների մասին արտահայտությունները ունեն որոշակի թեթեւ տրամաբանություն, այլ ոչ թե լուրջ առաջարկի իմաստ:
Բայց, բոլոր դեպքերում առիթն օգտագործեմ այս առնչությամբ կարծիքս եւս մեկ անգամ արտահայտելու համար:
Մխիթարյանի արժեքը նախագահ դառնալը կամ նրան նախագահ դարձնելը չէ: Նրա արժեքը պարզապես կյանքի, աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային առաքինությունների օրինակ լինելն է:
Կարո՞ղ ենք որպես հանրությունը որեւէ կայուն եւ հանրամատչելի ձեւաչափով ձեւակերպել ու մատուցել այդ օրինակը, դա կլինի առավելագույնը եւ մնայունը, որ մենք կարող ենք ստանալ մեր աստղից, աշխարհում ճանաչված մեր հայրենակցից:
Մենք դարձյալ ունենք այդպիսի օրինակներ, թե ֆուտբոլային կյանքից ու պատմությունից, թե այլ մարզական ու ոչ մարզական ոլորտներից:
Մենք պարզապես չունենք այդ օրինակները «մնայուն» ձեւաչափերի վերածելու եւ դրանցով մտածողություն ու առաքինություն դաստիարակելու կարողություն:
Մենք այդ ամենից գործնականում բոլոր առումներով փորձում ենք պարզապես քաղել քաղաաքական-քարոզչական դիվիդենտներ, եւ ըստ այդմ այդ օրինակներին նայում ենք լոկ դրանց քաղաքական լոյալության պրիզմայով:
Դա վերաբերում է այսպես ասած տնտեսական ու քաղաքական վերնախավեր կոչվող շերտի վերաբերմունքին: Իսկ հանրային շերտերում էլ հենց նրանք ձեւավորում են հետեւյալ վերաբերմունքը՝ եթե արժեքավոր օրինակ սուբյեկտը լոյալ է ձեր քաղաքական կուռքի հետ, պատվեր նրան, եթե լոյալ չէ՝ անպատվեք:
Այսպես էլ ապրում ենք, թեեւ ավելի շուտ՝ գոյություն պահպանում:
💥💥 Մարդիկ, ապրել Հայաստանում, թե Հայաստանից դուրս՝ Ռուսաստան, Եվրոպա, Աֆրիկա, թե ԱՄՆ, դա իհարկե ձեր իրավունքն է:
Ես այդ իրավունքի իրացումը երբեք չեմ դարձրել եւ չեմ դարձնելու հայրենասիրության չափանիշ կամ չափիչ:
Բայց, դուք էլ այդ իրավունքի իրացումը մի դարձրեք հայրենասիրության՝ ձեր մեկնաբանությամբ չափանիշ, թե՝ գնացել եք, որովհետեւ երկրում այս իշխանությունն է, ու կգաք, միայն, երբ այս իշխանությունը չլինի այլեւս:
Այդպես, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ գնացողը իր գնալու իրավունքը իրացրել է պատճառաբանելով Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գնացողը՝ պատճառաբանելով Քոչարյանին, Սերժ Սարգսյանի ժամանակ գնացողները՝ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա՝ Փաշինյանն է պատճառաբանությունը:
Իսկ գիտե՞ք քանի հարյուր հազար մարդ է Հայաստանում մնացել ու մնում, թեեւ չի ընդունել Հայաստանի որեւէ իշխանության, կամ բոլորին, կամ այսօր տանել չի կարողանում Փաշինյանին ու ՔՊ իշխանությանը: Բայց, մնում են՝ մեկը ակնկալելով, որ կփոխվի ինչ որ բան, մյուսը՝ անմիջական պայքարելով, հաճախ դիմելով ռիսկի եւ այլն:
Նրանց բոլորի մոտեցումներն ու գնահատականները սուբյեկտիվ են իհարկե, բայց այս ամենում կա մի ՕԲՅԵԿՏ, որը Հայաստանն է:
Հայաստանը չի եղել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի կամ Սարգսյանի սեփականությունը, եւ ոչ էլ Փաշինյանի սեփականությունն է:
Երբ, որեւէ մեկն ասում է, թե գնում եմ, որովհետեւ սա է կամ սրանք են, կամ ասում է՝ չեմ գա մինչեւ սա կամ սրանք, պարզապես հանձնում է Հայաստանը, փորձելով դա փաթեթավորել իբրեւ թե Հայաստանը շատ սիրելով, այնքան շատ, որ չեն կարող սակայն ապրել Փաշինյանի Հայաստանում:
Գնու՞մ եք, գնացեք: Չեմ կասկածում, որ Հայաստանը սիրել եք եւ սիրում եք: Բայց այդ ամենում մի դրեք ավելորդ պաթոս, ոչ մի տեսանկյունից եւ ոչ մի ռակուրսով:
💥 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան աջակցել է եւ աջակցում է «Ադրբեջանի արդար պայքարին»:
Ինչի՞ դեմ է պայքարում Ադրբեջանը, որ դեռ մի բան էլ այդ պայքարն «արդար» է: Լավ, ենթադրենք, որ իրենց մեկնաբանությամբ Ադրբեջանը պայքարում էր «իր տարածքները» այսպես ասած «վերադարձնելու» համար: Չվերադարձրե՞ց: Չէ՞ որ Բաքվի իշխանությունն է մի քանի անգամ հայտարարել, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջությունը:
Հարց է առաջանում, բա էլ ի՞ննչ «արդարացի պայքար»:
Ըստ իս, այստեղ կա բավականին նուրբ շերտ կամ տողատակ: Իհարկե, անկասկած է, որ «արդարացի պայքար» ասվածը դա ռեգիոնում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող Հայաստանի հանրապետությունը ըստ էության դեկորատիվ, քաղաքական ինքնության եւ հոգեբանության տեսանկյունից իրավազուրկ եւ ձայնազուրկ սուբյեկտի, կամ նույնիսկ՝ «օբյեկտի» վերածելն է:
Սակայն, կարծում եմ այստեղ կա նաեւ մյուս շերտը: Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարության տողատակում Անկարայի թերեւս ավելի լայն հավակնություններն ու նպատակներն են, մասնավորապես՝ ռեգիոնում պայքարը ռուսների եւ Իրանի դեմ: Ավելի շուտ եւ ավելի շատ՝ իհարկե ռուսների, որովհետեւ Ռուսաստանի ներկայության կամ ազդեցության դեմ արդյունավետ պայքարի պարագայում Իրանն ինքն է բնականաբար շտապելու պայմանավորվել այյդ պայքարի հաղթողների հետ:
Թուրքիայի մասշտաբը, հետեւաբար նաեւ հայտարարությունների տողատակի կամ համատեքստի տրամաչափը Հայաստանը չէ, այլ Ռուսաստանը: Թուրքիայի համար Ադրբեջանի «պայքարի» արժեքը հենց այդտեղ է: Ըստ այդմ, Գյուլերի խոսքում ես նշմարում եմ տողատակային հետեւյալ մի իմաստ՝ եթե Ադրբեջանը պայքարում է Ռուսաստանի դեմ, ապա ունի Թուրքիայի աջակցությունը:
Բնականաբար, այդ պայքարի «պոլիգոնը», կամ առնվազն հիմնական «պոլիգոնը», դիտվում է Հայաստանը:
Այդ իմաստով, կարծում եմ, հավանական է, որ գործ ունենք հետեւյալ տրամաբանության հետ. եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ իրականացնելու է այնպիսի գործողություններ, որոնք իրենց մասշտաբով ու տրամաբանությամբ կլինեն Ռուսաստանին թուլացնող, ապա Թուրքիան աջակցել է ու կաջակցի այդպիսի գործողությունների, իսկ, եթե դրանք չեն լինելու մասշտաբով ու բնույթով այնպիսին, որոնք Հայաստանին հարվածելուց բացի, նաեւ էական հարված կլինեն Ռուսաստանի ազդեցությանն դիրքին, ապա Թուրքիան չունի Ադրբեջանի այդ գործողություններին աջակցելու մոտիվ:
🔥 Ասադի մասին խոսելիս, մենք թերեւս կամա, թե ակամա շրջանցում ենք մի կարեւորագույն հանգամանք:
Եթե քո իշխանությունը հիմնված չէ հասարակական կոնսենսուսի վրա, ընդգծեմ՝ կոնսենսուսի, լեգիտիմության, այլ ոչ բացարձակ հավանության, եթե քո իշխանությունը փոքրամասնության իշխանություն է, ապա այն վաղ, թե ուշ քանդվելու է:
Քանդվելու է կամ ներսից, կամ դրսից, էական չէ, բայց քանդվելու է:
Այստեղ հարցը բռնապետ, թե ժողովրդավարը չէ, այլ հենց հանրային հենարային կառուցվածքը:
Եթե դու քո երկրի ներսում չունես այդ հենարանը, ուրեմն քո իշխանությունը պահելու ես հենց երկրի, պետության հաշվին, հետւաբար՝ արտաքին գործոնների շնորհիվ: Այլ կերպ ասած, եթե պետության մեջ իշխանությունը կառուցված չէ հանրային լայն լեգիտիմության վրա, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պետությունը վերածվում է աշխարհաքաղաքական մանրադրամի:
Մեկի դեպքում «մանրումը», կամ կոպիտ ասած՝ «խուրդվելը» տեղի կունենա տասը տարի անց, մեկի դեպքում գուցե՝ հարյուր տարի անց, բայց տեղի կունենա անխուսափելի, եթե իշխանությունը կառուցված չէ հանրային լայն լեգիտիմության վրա:
Լեգիտիմության հարցը պարզապես քարոզչական «նարատիվ» չէ: Դա չափազանց լուրջ հարց է:
Ընդ որում, իշխանության լեգիտիմություն հասկացությունը բոլորովին չի վերաբերում անձի լեգիտիմությանը, կամ վարկանիշին: Իշխանության լեգիտիմությունը ըստ էության «սկսում» է այդ իշխանության ձեւավորման պրոցեսի լեգիտիմությունից:
Լեգիտիմության խնդրի «մեկնակետը» վարկանիշի անկումը չէ, այլ իշխանության ձեւավորման պրոցեսի արժեզրկումը: Երբ երկրում հանրայնորեն սկսում է գերակայել համոզում, որ չկա իշխանության ձեւավորման՝ հանրային ներառականություն ենթադրող օբյեկտիվ մեխանիզմ:
Ընդ որում, այս խնդիրը վերաբերում է թերեւս նաեւ աշխարհաքաղաքականությանը: Անկումը սկսում է այն ժամանակ, երբ քո աշխարհաքաղաքական դերը սկսում է շեղվել օբյեկտիվ հանգամանքներից, այդ թվում ուժերի օբյեկտիվ հարաբերությունից, ռեսուրսների հարաբերությունից, դեմոգրաֆիական հարաբերակցությունից, եւ այլն:
Այսօր, այդ խնդրի առաջ է օրինակ «հավաքական Արեւմուտքը», որի համաշխարհային լեգիտիմությունը սկսում է տեսակարար կշռի իմաստով զիջել «գլոբալ Հարավին»: Ընդգծեմ, ոչ թե բացարձակ ծավալի, այլ տեսակարար կշռի, այն է՝ մեկինը արտահայտում է նվազման «կոր», մյուսինը՝ աճի:
Սրանք հարցեր են, որոնք, իմ կարծիքով, թերեւս պետք է դառնան Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական խոսույթի ուշադրության առանցքային առարկան: Սակայն, դրա փոխարեն առանցքայինը շարունակում է մնալ այս կամ այն սուբյեկտի հանդեպ հիմնական զգայական, երկրպագուական վերաբերմունքի «վեճը»: