badalyanrakurs | Неотсортированное

Telegram-канал badalyanrakurs - Hakob Badalyan

2223

News and analysis

Подписаться на канал

Hakob Badalyan

💥 Բոլորը, կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ մեծամասնությունը մտածում են, թե Նիկոլ Փաշինյանը «Կովիդով» խուսափեց Ռուսաստան մեկնելուց:

Համենայն դեպս ավելորդ չէր լինի մտածել հակառակի մասին, որ Ռուսաստանը «Կովիդով» խուսափեց Նիկոլ Փաշինյանին ընդունելուց:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Ավելորդ է գուցե քննարկել անգամ՝ կկորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանի համար ԱՊՀ գագաթնաժողով չմեկնելու պատճա՞ռ էր, թե՞ պատրվակ: Քննարկման արժանի է այն, թե ինչու՞ էր պետք այդ պատրվակը:

Այստեղ էական է, թե արդյո՞ք Փաշինյանը ի վերջո կկայացնի ԵԱՏՄ գագաթնաժողովին վաղը մեկնելու որոշում:

ԱՊՀ ու ԵԱՏՄ գագաթնաժողովների միջեւ Հայաստանի համար կա մի «տարբերություն»՝ Իլհամ Ալիեւ: Եթե Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովի համար այդուհանդերձ մեկնի Սանկտ-Պետերբուրգ, ապա կարող ենք եզրակացնել, որ պատրվակը պետք էր Իլհամ Ալիեւի մասնակցությամբ հանդիպումից խուսափելու համար:

Ինչու՞: Հիշեցնեմ, որ Փաշինյանը Կազանում հանդիպեց Իլհամ Ալիեւի հետ՝ երկկողմ ձեւաչափով, ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

Արդյո՞ք Սանկտ-Պետերբուրգում կարող էր լինել նոր հանդիպում կազմակերպելու ջանք, որը ընդունելի չէր Փաշինյանի համար: Կամ ընդունելի չէր Ալիեւի հետ որեւէ շփում:

Ավելորդ չէ հիշել, որ ԱՊՀ գագաթնաժողովից առաջ տեղի ունեցավ Ալիեւ-Էրդողան հեռախոսազրույց: Նրանք հեռախոսազրույց էին ունեցել նաեւ դեկտեմբերի 10-ին՝ Դամասկոսի «անկումից» հետո: Երկու հեռախոսազրույցների «արանքում» տեղի ունեցան թուրք-ադրբեջանական ռազմական բարձրաստիճան պատվիրակությունների ինտենսիվ շփումներ: Դրանց մանրամասն անդրադարձել եմ նախորդ գրառումներում:

Զուգահեռ, նկատելի էր Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության կարծրացումը Հայաստանի հետ գործընթացի առնչությամբ:

Սանկտ-Պետերբուրգը դիտարկել եմ որպես լարվածության նկատելի միտումների լիցքաթափման հնարավորություն: Այդ իմաստով այն, որ Փաշինյանը չի մեկնում, մտահոգիչ է: Որոշակի ամբողջական ցուցիչ կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովի վերաբերյալ որոշումը: Փաշինյանը բաց կթողնի նաեւ դա՞, թե՞ այդուհանդերձ առնվազն այդ մասով փորձ կարվի օգտագործել աշխատանքային հնարավորությունը:

Читать полностью…

Hakob Badalyan

⚡️⚡️⚡️ Հաղորդումը տեսագրվում էր կեսօրին: Տեսագրության հեռարձակումը մոտ 30 րոպե անց է, կարող եք հետեւել մեկնաբանություն բաժնի հղումով: Խոսել եմ «բանավեճի» մոտիվների, ներիշխանական իրադրության, նաեւ արտաքին միջավայրի ու Ադրբեջանի հետ գործընթացի մասին: https://youtu.be/0IxJUwuBMTo?si=_vXgYk-Eypp7G_uS

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Մինչ մենք զբաղված ենք «բանավիճաբանականով», տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան հերթական հեռախոսազրույցը: Նախորդը՝ ընդամենը 14 օր առաջ էր:

Ի՞նչն է այստեղ առավել ուշադրության արժանին: Նրանց նախորդ՝ դեկտեմբերի 10-ի հեռախոսազրույցի եւ ներկայիս հեռախոսազրույցի միջեւ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց, տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի օգնական Հաջիեւի այցն Անկարա, եւ տեղի է ունեցել ռազմական, պաշտպանական մակարդակում բարձրաստիճան պատվիրակություններով 4-5 շփում:

Ադրբեջանի սահմանային կոմիտեի ղեկավարն է այցելել Թուրքիա եւ արժանացել Թուրքիայի պաշտպանության նախարարի ընդունելությանը, Նախիջեւանի համազորային բանակի հրամանատարն է Անկարայում հանդիպել Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի հետ, նույն այդ ցամաքային ուժերի հրամանատարը այս օրերին Բաքվում էր, Բաքու է այցելել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջան էր այցելել նաեւ թուրքական ցամաքային զինուժի մեկ այլ բարձրաստիճան պատվիրակություն:

Կրկնեմ, դա Էրդողան-Ալիեւի հեռախոսազրույցից հետո, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին:

Եվ նրանք հեռախոսազրույց են ունենում այսօր: Ինչ որ բա՞ն են բերում հանրագումարի:

Читать полностью…

Hakob Badalyan

💥Նախկին երեք նախագահների արձագանքը իհարկե միանգամայն կանխատեսելի էր, տրամաբանական, բանական: Այստեղ կարող ենք իհարկե «գնահատել» արձագանքների բովանդակությունը, արդյո՞ք դրանցում կային որոշակի հետաքրքիր ակնարկներ եւ այլն: Բայց, այս պահին թողնեմ դա:

Հայաստանը ունեցել է եւս մի նախկին նախագահ՝ Արմեն Սարգսյան: Իհարկե, նա չի եղել բանակցող, եւ իհարկե Փաշինյանի «մարտահրավերն» էլ չի վերաբերել նրան:

Բայց, նա եղել է նախկին նախագահ, որը այդ պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ շրջափուլում, այդ շրջափուլում եղել է Նիկոլ Փաշինյանի հետ գոնե առերեւույթ առաջին բանակցողը՝ 2018 թվականի ապրիլի 21-ին, Հանրապետության հրապարակում, հետո նախագահի նստավայրում ապրիլի 23-ին սեղանի շուրջ է հավաքել դեռեւս հրաժարականի մասին չհայտարարած Սերժ Սարգսյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, եւ այդ հավաքի ընթացքում ըստ էության որոշվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը գնում է եւ ազատ արձակում ձերբակալված Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին:

Այդ ամենն իհարկե որեւէ ուղիղ կապ չունի Արցախի կարգավորման բանակցային պատմության հետ, բայց, նույն Արմեն Սարգսյանը դեռեւս մինչեւ նախագահ ընտրվելը, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանում էր հետեւյալ հարցին՝ իսկ ո՞վ է բանակցելու Արցախի հարցում 2018 թվականի ապրիլի 9-ից հետո: Հարցի համատեքստը հասկանալի է՝ լինելու էր նախագահ եւ վարչապետ:

Եվ բավականին ուշագրավ էր Արմեն Սարգսյանի պատասխանը, որը հետեւյալն էր, թե՝ կավարտվի պրոցեսը, այսինքն կլինի նախագահ եւ կնշանակվի վարչապետ, «բոլորս միասին կքննարկենք», թե ո՞վ պետք է բանակցի:

Համաձայնեք, ուշադրության արժանի պատասխան է:

Ըստ այդմ, թերեւս ասելու բան պետք է ունենա նաեւ նախկին չորորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, արցախյան բանակցային պատմության վերաբերյալ այն հայտարարությունների առնչությամբ, որ արել է Նիկոլ Փաշինյանը: Չունի՞ Արմեն Սարգսյանն ասելիք:

Читать полностью…

Hakob Badalyan

🔵 Իլոն Մասկը կանխատեսում է, որ արդեն 2025 թվականի վերջին արհեստական բանականությունը կգերազանցի ցանկացած մարդու ինտելեկտը: Ըստ Մասկի, արդեն 2030 թվականին արհեստական բանականությունը կգերազաննցի բոլոր մարդկանց ինտելեկտը միասին վերցրած:

Սա իհարկե լրջագույն թեմա է: Արհեստական բանականությամ այդ հաղթարշավը մարդկությանն իհարկե կտա մեծ հնարավորություններ, բայց դրան զուգահեռ նաեւ կբերի ահռելի մարտահրավերներ ու տարաբնույթ ռիսկեր:

Արհեստական բանականության կառավարման խնդիրն այսօր գուցե ավելի լուրջ է, քան միջուկային ապոկալիպսիսի հետ կապված խնդիրներ: Ավելի լուրջ է, որովհետեւ միջուկային «ապոկալիպսիսը» ըստ էության տոտալ ինքնաոչնչացման մասին է, որին բնականաբար չեն գնա, իսկ արհեստական բանականությունը տալիս է հիբրիդային պատերազմի մեծ հնարավորություններ:

Պետությունների հարաբերություններում այս հարցը դառնալու է օրակարգային գլխավոր հարցերից մեկը: Օրինակ, այդ առումով մի հատկանշական հիշատակում: Նոյեմբերի 14-ին Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում կայացել էր ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Չինաստանի նախագահ Ցզինպինի բանակցությունը:

Եվ այդ բանակցության էական արձանագրումներից մեկն այն էր՝ որը նաեւ հիշատակված էր հանդիպման մասին պետքարտուղարության ամփոփիչ հայտարարության մեջ, որ կողմերը հավաստում են իրենց հաստատակամությունը՝ միջուկային զենքի հանդեպ վերահսկողությունը չթողնել արհեստական բանականությանը:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Բաքվում է Թուրքիայի հերթական ռազմմական բարձրաստիճան պատվիրակությունը: Վերջին մոտ երկու շաբաթների ընթացքում սա թերեւս արդեն 5-րդ կամ 6-րդ փոխայցն է: Այյս անգամ Բաքվում է Թուրքիայի ԶՈՒ ցամաքային ուժերի հրամանատար Բայրաքթարը:

Այստեղ ուշադրության եմ արժանացնում երկու հանգամանք: Մի քանի օր առաջ Բայրաքթարի հետ Անկարայում հանդիպել էր Նախիջեւանի համազորային բանակի հրամանատարը: Մյուս հատուկ ուշադրության արժանի հանգամանքը այն է, որ Բաքվում Բայրաքթարի հետ հանդիպմանը Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը հիշատակել է 2021 թվականի հունիսին օկուպացված Շուշիում կնքված հռչակագիրը, այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական դաշնակցության եւ ռազմական փոխօգնության մասին է:

Թե ինչու՞ է Հասանովը հիշել այդ հռչակագիրն ու դրա իրականացման հետ կապված հանգամանքների կարեւորությունը, մնում է միայն ենթադրել:

Իհարկե, չենք կարող միարժեք պնդել, որ ադրբեջանա-թուրքական ռազմական ինտենսիվ այցերը եւ հանդիպումները պարունակում են էսկալացիայի պլանավորման հանգամանալից քննարկումներ, տեսականում հնարավոր է, որ դրանք տարեվերջյան բազմապրոֆիլ շփումներ են: Այդուհանդերձ, դրանք բավականին մտահոգիչ են, հատկապես, որ միջավայրային առումով նկատելի է էսկալացիայի պարարտ ժամանակաշրջանի նշաններ:

Ի լրումն, ուշադրության արժանացնեմ հետեւյալը. Օրերս Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի Ադրբեջանի հանդեպ որեւէ ռազմական գործողության մտադրություն, եւ, եթե Հայաստանի հանդեպ էլ Ադրբեջանը չունի այդպիսին, ապա էսկալացիայի հավանականությունը զրո է: Ուշադրության արժանին այն է, որ Ադրբեջանից որեւէ մակարդակով մինչ այսօր չի եղել արձագանք եւ հայտարարություն, որ Հայաստանի հանդեպ չունեն որեւէ նման մտադրություն:

Читать полностью…

Hakob Badalyan

🔥 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, պարզապես իրեն այդ մասին ժողովրդին հայտնելուն խանգարել է «հայտնի հայրենասիրական մոդելը»:

Սա գործնականում հայտնի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ մոդել է, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանն ըստ էության 2022 թվականից ի վեր:

Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը ծանոթանալով բանակցային պատմությանը, չի հասկացել դրա բուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական էությունն ու մտածել է, որ այդ ամենը ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է:

Ես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իհարկե չեմ ունեցել բանակցային պատմության խորհրդապահական մանրամասներին ծանոթանալու հնարավորություն, եւ գնահատականս կառուցված է բնականաբար գերազանցապես հրապարակային պատկերի վրա: Բայց, այդ պատկերն իսկ բավականին խոսուն է, արձանագրելու համար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աննախադեպ ձեւաչափը չէր կարող լինել ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Համաձայն չեմ լինի իհարկե հակառակ պնդման, որ բանակցությունը Արցախի անկախության ճանաչման մասին էր:

Ընդհանրապես, բանակցային գործընթացի «մասինները», ըստ իս, տարբեր են, այսինքն դրանում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի իր «մասինը»: Հարցը այն է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչի «մասին» կկարողանա հասնել, ներեցեք այս մի փոքր «կալամբուր» ձեւակերպման համար:

Իսկ Փաշինյանին «խանգարել» է ոչ թե «հայրենասիրության հայտնի մոդելը», այլ շատ ավելի պարզ քաղաքական հաշվարկ: Եթե Փաշինյանը այդ խոսույթը օգտագործեր մինչեւ 2020 թվականի պատերազմը, ապա 2018-ի նրա վարկանիշը գահավիժելու էր սրընթաց:

Սակայն, դրանից բացի, կա ըստ իս շատ ավելի լուրջ հանգամանք: Հնարավոր չէ լինել բանակցային գործընթացի մեջ, լինել դրա պառասխանատու, եւ այդօրինակ բաց համատեքստով հարաբերվել հանրության հետ: Դա կնշանակի պարզապես առանց զրահաբաճկոնի, բաց գլխով դուրս գալ խրամատավորված թշնամու դեմ:

Հանրությանն այդպիսի բովանդակություն ներկայացնում է մարդ, որը մերժում ստանալու դեպքում պատրաստ է թողնել ու հեռանալ: Բնական է, որ 2018 թվականին եւ հետո, ընդ որում առ այսօր, Փաշինյանը պատրաստ չէ դրան:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 CNN-ին տված հարցազրույցում Իրանի վերաբերյալ բավականին ուշագրավ մտքեր է արտահայտել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը:

Սալիվանն ասում է, որ ունեն մտահոգություն, թե՝ թուլացած Իրանը կարող է գնալ միջուկային դոկտրինի վերանայման եւ միջուկային զենք ստեղծելու:

Ես, ինչպես բազմիցս արտահայտել եմ իմ սուբյեկտիվ գնահատականս, կարծում եմ, որ Իրանն ունի միջուկային զենք: Այլ հարց է, թե ինչ քանակի, ինչ հզորության կամ տեսակի, եւ այդ զենքի ինչպիսի կրիչներ ունի, բայց զենք՝ կարծում եմ ունի:

Սալիվանի հայտարարության տողատակում թերեւս այն է, որ Իրանը կարող է հայտարարել այդ մասին: Այսինքն, հայտարարել, որ տիրապետում է միջուկային հարվածի հնարավորության: Սա հիմնահատակ կերպով շրջելու է իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Պետք է նկատել, որ «չհայտարարված» միջուկային տերություն լինելու եւ «հայտարարված» միջուկային զենք տնօրինելու իրողությունները ունեն էական տարբերություն: Այսինքն, այնպես չէ, որ՝ դե, եթե զենքն ունի, էլ ինչ տարբերություն: Կա տարբերություն: Շատ էական ու բազմաշերտ տարբերություններ:

Ավելին ասեմ, ըստ իս նույնիսկ Իրանին առաջին հերթին պետք չէ հայտարարել միջուկային զենք ստեղծած լինելու մասին, միջուկային հարվածի հնարավորություն ունենալու մասին: Չհայտարարելը Իրանի համար դիվանագիտական բազմաչափ խաղի առավել մեծ հնարավորություն է: Հետեւաբար, Իրանը այդ մասին կհայտարարի միայն, եթե հայտնվի ծայրահեղ վիճակում:

Սալիվանը թերեւս նկատի ունի հենց դա, որ պետք չէ Իրանին քշել անկյուն, երբ Թեհրանը ստիպված կլինի հայտարարել, որ ունի միջուկային պատասխանի հնարավորություն: Որովհետեւ, դա նշանակելու է նաեւ, որ անկյուն կքշվի Միացյալ Նահանգներն էլ: Պատկերացնու՞մ եք, ի՞նչ պետք է անի Նահանգները, եթե Իրանը հայտարարի միջուկային զենք տնօրինելու եւ տեղափոխելու կարողության մասին:

Առավելագույնը՝ պետք է խստացնի Իրանի հանդեպ պատժամիջոցները, աննախադեպ ծավալի ու բնույթի հասցնի դրանք: Եվ դրանով Իրանին առավել խորը մղի դեպի Ռուսաստան, նաեւ՝ Չինաստան: Միեւնույն ժամանակ, հարց է առաջանալու, թե ի՞նչ է անելու Նահանգները իր դաշնակից համարվող Իսրայելի հետ: Կան բազմաթիվ հարցեր:

Եվ ըստ իս, ԱՄՆ համար իսկապես խնդիր է ոչ այնքան Իրանի միջուկային զենքը, որքան դրա մասին հայտարարելը:

Սալիվանը նշում է, որ Իրանի միջուկային զենք «ստեղծելու» հարցը վտանգ է, որի մասին «անձամբ կհայտնի նոր թիմին»՝ նկատի ունի նոր վարչակազմին:

Ըստ իս, խոսքը կվերաբերի հենց այն հանգամանքին, որ Տրամպի վարչակազմը կստանա անհրաժեշտ տեղեկությունը Իրանի արդեն իսկ գոյություն ունեցող միջուկային զինանոցի ծավալի մասին: Իհարկե հարց կառաջանա, թե՝ միթե՞ չեն փոխանցել մինչեւ հիմա:

Սակայն, այդ դեպքում ի՞նչ պետք է փոխանցի Սալիվանը «անձամբ»: Ի վերջո, եթե խոսքը հենց վտանգի, մտահոգության մասին է, ապա ինքնին հարցազրույցի բարձրաձայնումն արդեն իսկ բավարար է: Հետեւաբար, կնշանակի, որ փոխանցվելու է շատ կոնկրետ տեղեկատվություն: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խոսքը պարզապես տեսական վտանգի մասին չէ, այլ շատ գործնական պատկերի փոխանցման:

Երբ Սիրիայի իրադարձությունների ֆոնին խոսում եմ այն մասին, որ մեղմ ասած վաղ է հաղթողներ ու պարտվողներ սահմանելը, նկատի ունեմ նաեւ հենց այն, որ քաղաքական իրողությունների խորապատկերը բոլորովին միարժեք չէ, որքան կարող է թվալ առերեւույթ:🇺🇸🇮🇷

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Ռումինիայի հարկային ծառայությունը պարզել է, որ նախագահական ընտրության առաջին փուլի հաղթող Կելին Ջորջեսկուի տիկտոկյան ընտրարշավը ֆինանսավորել է ոչ թե Ռուսաստանը՝ ինչպես հայտարարել էր ռումինական հետախուզությունը, այլ եվրոպամետ Ազգային-լիբերալ կուսակցությունը:

Այս պատմությունը բավականին հետաքրքիր է, իսկ Ռումինիայի քաղաքական իրողությունները՝ շատ էական: Ինչպես հայտնի է, Ռումինիայի սահմանադրական դատարանը չեղարկեց նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքը: Առաջին փուլում, հաղթել էր հենց Կելին Ջորջեսկուն եւ դուրս եկել երկրորդ փուլ՝ այնտեղ էլ հաղթելու մեծ հավանականությամբ: Նա անկախ թեկնածու էր եւ ուշադրության արժանին այն էր, որ Ռուսաստանի հետ հարաբերության կողմնակից էր:

Երկրորդ փուլը նշանակվել էր դեկտեմբերի 8-ին, սակայն դեկտեմբերի 6-ին կայացվեց առաջին փուլի արդյունքը չեղարկելու մասին որոշումը, այն պատճառաբանությամբ, որ Ջորջեսկուի ընտրարշավի ընթացքում եղել է ֆինանսավորում ռուսական աղբյուրներից:

Եվ ահա, հետաքննությունը փաստորեն պարզել է այլ պատկեր: Պարզվում է, որ չի բացահայտվել ռուսական ֆինանսավորում, փոխարենը Ջորջեսկուի արշավը ֆինանսավորել է Ռումինիայի եվրոպամետ կուսակցություններին, ամենահին քաղաքական ուժերից մեկը՝ ազգային լիբերալ կուսակցությունը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ անդամ է:

Լրագրողական հետաքննությունների ռումինական Snoop պորտալի ներկայացրած հետաքննության համաձայն, նացիոնալ-լիբերալները դիմել են Kensington Communication կազմակերպությանը, որը տրամադրում է քաղաքական մարկետինգի ծառայույուններ: Նրանք ծառայություն են պատվիրել իրենց թեկնածու Նիկոլաե Չուկեի համար, որպես նա դուրս գա երկրորդ փուլ: Սակայն, արդյունքում փոփոխություն է կատարվել պլաններում եւ ծաառայությունն օգտագործել են անկախ թեկնածու Ջորջեսկուի առաջմղման համար, հաաշվարկով, որ նա ձայյներ կխլի իրենց թեկնածուի այլ մրցակիցներից: Նրանք են մեծ թվով հոլովակներ պատվիրել Տիկտոկում: Արդյունքում սակայն, Ջորջեսկուն հաղթել է բոլորի, այդ թվում նացիոնալ-լիբերալների թեկնածուի հանդեպ մեծ առավելությամբ:

Ըստ էության սակայն, Ռումինիայում լուծել են գլխավոր խնդիրը՝ փաստացի չեղարկել են Արեւմուտքի համար անցանկալի թեկնածուի առաջին փուլի հաղթանակն ու երկրորդ փուլում շշատ հավանական դիտվող վերջնական հաղթանակի հնարավորությունը: Իսկ դա արել են «պատճառաբանությամբ», թե կան կասկածներ, որ նրա օգտին տիկտոկյան արշավ է ծավալվել ռուսական աղբյուրներից: Պարզվում է սակայն, որ չի եղել որեւէ ռուսական աղբյուր եւ տիկտոկյան արշավը վարել է ԵԺԿ անդամ եվրոպամետ կուսակցությունը:

Սակայն, ՍԴ որոշումը բեկանման ենթակա չէ եւ Ռումինիայի նախագահի նոր ընտրություն կլինի երկու-երեք ամիս անց: Այդ ընթացքում թերեւս կարվի ամեն ինչ, Կելին Ջորջեսկուին այսպես ասած վերջնականապես չեզոքացնելու համար: Կստացվի՞, թե՞ ոչ:

Համենայն դեպս, խաղադրույքները Ռումինիայի առումով շատ բարձր են, ու այստեղ օրինակ հարցը լոկ Մոլդովան չէ, օրինակ: Ռումինիան սեւծովյան ավազանի երկիր է, հետեւաբար էական նշանակություն ունի սեւծովյան ավազանի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի համար: Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ն ամիսներ առաջ հայտարարել է, որ ծրագրում է ռումինական ծովափին կառուցել իր խոշորագույն ռազմակայանը Եվրոպայում:
🇷🇴

Читать полностью…

Hakob Badalyan

⚫️⚫️⚫️ Ահաբեկություն Գերմանիայում: Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է սուրբ Ծննդյան տոնավաճառի մասնակից բազմության մեջ, նախնական տվյալով զոհվել է 11 մարդ, կա տասնյակից ավելի վիրավոր:

Հայտնի է նաեւ, որ մեքենան վարել է ծնունդով սաուդցի 50-ամյա մարդ, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում:

Իհարկե սաուդցի լինելու հանգամանքը պարզապես փաստն է, որը անշուշտ չի կարող ինքնին լինել որեւէ քաղաքական եզրահանգման առարկա: Բայց, նաեւ գրեթե վեր է կասկածից, որ կատարված ահաբեկությունը պարզապես այսպես ասած «ռոմանտիկ ֆունդամենտալիստի» մտահղացում չէ: Նա գործիքն է, որը կիրառվում է Գերմանիայի դեմ:

Ընդ որում, այն կիրառվում է հատկանշական մի ժամանակահատվածում: Գերմանիայի կանցլեր Շոլցի կառավարությանը Բունդեստագը հայտնել է անվստահություն: Դրանից առաջ,, երբ արդեն փլուզվել էր կառավարող կոալիցիան, Շոլցը երկու եւ կես տարվա դադարից հետո հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ, որից հետո հայտարարում է, որ պայմանավորվել են հետագայում դարձյալ խոսելու մասին, թեեւ նշում է, որ մոտեցումները եղել են իրարամերժ:

Նախօրեին էլ Շոլցը հեռախոսազրույց է ունենում Տրամպի հետ:

Արդյո՞ք հետո կարող էր հաջորդել նոր հեռախոսազրույց Պուտինի հետ: Դա իհարկե ենթադրական հարց է:

Լայն իմաստով սակայն Գերմանիայի պարագայում խնդիրը թերեւս այն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը շատ մեծ է աջերի հաղթանակի հավանականությունը, մասնավորապես նաեւ ի դեմս «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Այդ պարագայում, դա կարող է լինել Եվրոպայում խոշոր պարտություն՝ եվրոպական ձախ-ուլտրալիբերալ գլոբալիստական թեւի համար:🇩🇪

Читать полностью…

Hakob Badalyan

⚡️ Նախօրեին տեղի էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի հեռախոսազրույցը Գերմանիայի ըստ էության արդեն նախկին կանցլեր Շոլցի հետ, որը կառավարությանն օրերս անվստահություն հայտնեց Գերմանիայի խորհրդարանը:

Տրամպի հետ հեռախոսազրույցին «զուգահեռ», Տրամպի թիմում գոնե առայժմմ առանցքային դեր ունեցող Իլոն Մասկը Շոլցի մասին գրաում է անում, որ նա «ոչ կոմպետենտ անգետ» է:

Հետաքրքիր է, Իլոն Մասկը Տրամպի՞ եզրահանգումն է արտահայտում, թե՞ պարզապես ստացվել է զուգահեռ:

Բայց, որ Մասկի բնորոշումը դիպուկ է, թերեւս վկայում են այսօր Գերմանիայի տնտեսական ու նաեւ քաղաքական խնդիրները: 🇺🇸🇩🇪

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Հայաստանում աշխատանքի եւ սոցապ նախարարությունն ըստ ամենայնի ունի շատ ազատ ժամանակ, կամ ստացել է պարզապես քաղաքական ղեկավարության նախընտրական տրամաբանությանը համահունչ գործելու ցուցում:

Մասնավորապես, այդ գնահատականիս առիթը նախարարությանը վերագրվող օրենսդրական նախաձեռնությունն է, որով նախատեսվում է Հայաստանում 8-ժամյա աշխատաժամանակը կրճատել եւ դարձնել 7, իսկ աշխատավարձը՝ պահպանել: Աշխատաժամանակը կրճատվում է, իսկ աշխատավարձը՝ պահպանվում:

Ինչպես ասում են՝ հիանալի է: Հետաքրքիր է, ուսումնասիրե՞լ են, թե այդ օրենսդրական նախաձեռնությունը քանի ձայնի արժեք կարող է ունենալ:

Որովհետեւ, որեւէ այլ գործուն հանրօգուտ էֆեկտ, պարզապես չեմ պատկերացնում:

Իհարկե, հրաշալի կլիներ, եթե աշխատաժամանակը լիներ նույնիսկ ոչ թե 7 ժամ, այլ ունենայինք 3,5 ժամյա աշխատանքային օր:

Բայց, այստեղ կա առնվազն երկու էական հանգամանք: Նախ, արդյո՞ք մեր երկրի տնտեսությունը, դրա արտադրողականությունը, դրա դինամիկան, հեռանկարները եւ այլն, հասել են մի աստիճանի, երբ արդեն ժամանակն է մտածել աշխատաժամանակ կրճատելու մասին: Մեղմ ասած՝ ոչ:

Մյուսը, աշխատանքի եւ սոցապ նախարարությունը, եւ կառավարությունն ընդհանրապես, թերեւս ավելի դիպուկ կլինի, եթե ձեռնմուխ լինի Հայաստանում աշխատուժի մի հսկա մասի անխնա եւ անարժանապատիվ շահագործման դեմ պայքարին:

Որովհետեւ, երկրում տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր մարդիկ ուղղակի երանի կտային, եթե աշխատեին ութ ժամ: Հանրային մի հսկա շերտ ստիպված է աշխատել 10-12 ժամ, երբեմն՝ ավելի, աշխատել նաեւ շաբաթ օրերին, եւ նույնիսկ՝ կիրակի: Ունենալ ընդամենը մեկ հանգտսյան օր, բայց ոչ թե շաբաթը, այլ ամիսը մեկ հանգստյան օր, չունենալ արձակուրդի նորմալ հնարավորություն: Եվ, ի լրումն այդ ամենի, շատ ու շատ դեպքերում լինել իրենց գործատուի «մուննաթի» ներքո:

Զբաղվեք այդ խնդրով, բայց այնպես, որ շահի աշխատողի իրավունքի պաշտպանությունը, բայց չկորի նրա առանց այդ էլ ոչ բարձր աշխատավարձն ու աշխատատեղն ընդհանրապես:

Բայց, դրանով զբաղվելը թերես բարդ է,, աշխատատար, պահանջում է անհամեմատ ավելի մեծ ջանք, հմտություններ եւ այլն: Ավելի դյուրին է պարզապես հայտարարել աշխատաժամանակը կրճատելու մասին, ինչը գերազանցապես վերաբերելու է մարդկանց, որոնք մեղմ ասած աշխատաժամանակով ամենածանրաբեռնված սեգմենտը չեն:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Ընթացիկ իրավիճակի, Ալիեւ-Փաշինյան «հարցուպատասխանի» եւ այլ արդիական թեմաների վերաբերյալ զրույց Առաջին լրատվականի տաղավարում: https://youtu.be/1U2O6UFNGbc?si=1ZMX8TRPDwiZXhiz

Читать полностью…

Hakob Badalyan

🔴Միամիտ մի հարց: Եթե Հայաստանի վարչապետն ասում է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ամբողջական ավարտից հետո երրորդ կողմի ներկայությունը սահմանին կլինի ավելորդ, ապա՝ ԵՄ-ն իրական քաղաքականության ռեժիմում շահագրգռված կլինի՞ հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման գործընթացով:

Չէ՞ որ այդ դեպքում չի լինի ԵՄ առաքելության իմաստ:🇪🇺

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Տրամպի ընտրությունից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ Նահանգները կհարվածի Իրանին:

Ինձ հետաքրքիր է, թե՝ ինչպե՞ս: Ինչպես ասածը նկատի ունեմ ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ, օրինակ տնտեսական: ԱՄՆ ի վիճակի՞ է մտնել Իրանի հետ պատերազմի տնտեսական բեռի տակ:

Այն, որ հայ հանրության մի որոշակի մասի համոզմամբ ԱՄՆ ի վիճակի է ամեն ինչ, դա դեռ չի նշանակում, թե այդպես է իրականում: Բայց դրանից զատ, հարց է առաջանում նաեւ, թե ինչու՞ պետք է ԱՄՆ պատերազմ սկսի Իրանի դեմ: Սկսի, որ ի՞նչ անի:

Այո, Իրանի ներսում ԱՄՆ գուցե գործադրի ապակայունացման ջանք: Բայց, այդ ջանքը որպես կանոն Իրանի ներսում ամրապնդում է պահպանողականների դիրքերը: Որովհետեւ, ռազմավարական իմաստով, ներկայիս Իրանն ըստ էության Իսրայելի հանդեպ ԱՄՆ միակ գործուն լծակն է իրական քաղաքականության ռեժիմում:🇺🇸🇮🇷

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴🔴 Հայաստանում քաղաքականության արդյունք կփոխվի, եթե փոխվի քաղաքական պայքարի մտածողության պարադիգմը: Այժմ այդ պարադիգմը կառուցվում է մրցակիցներին իջեցնելու տրամաբանության վրա: Այսինքն, քաղաքական դերակատարները համարում են, որ իրենց «վերելքը» կախված է մրցակցի «վայրէջքից»:

Հետեւաբար, հիմնական էներգիան ու ջանքը ուղղվում է ոչ թե սեփական վերելք կամ թռիչք կառուցելուն, այլ՝ մրցակցին իջեցնելուն: Սա բերում է նրան, որ տարիների հետ Հայաստանում իջել ու իջնում է քաղաքականության արդյունքը: Քաղաքականության արդյունքի կորը դեպի վեր բարձրանալու համար պետք է փոխվի մտածողության պարադիգմը եւ առանցքում լինի սեփական վերելք կառուցելը եւ մրցակցին այդ կերպ գերազանցելը:

Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության մեջ ճերմակ ձեռնոցներով բժիշկներ չեն, այլ բռնցքամարտի ձեռնոցներով մարտիկներ, որոնք նաեւ միմյանց պետք է հարվածեն: Տվյալ պարագայում խոսքը այսպես ասած հենակետային կամ ելակետային մտածողության մասին է:

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴 Նիկոլ Փաշինյանը տվել է հայկական հասարակական-քաղաքական միջավայրի համար ամենասպասված, մշտապես սպասված առիթը, ինչպես երեխաների համար միշտ սպասված է Ձմեռ պապը:

Խորհրդանշական է, որ այդ առիթը ընձեռվում է հենց Նոր տարվա շեմին: Խոսքը «ռազբորկայի» մասին է, կամ որոշ դեպքերում իհարկե հարաբերություններ պարզելու, քանի որ երբեմն քննարկումները կրում են միանգամայն բարեկիրթ բնույթ: Բայց, էությունը, զգալի մասով, շարունակում է մնալ հարաբերություններ պարզելը:

Ով, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը լավագույնս գիտե ու տիրապետում է այդ հատկանիշին, եւ ըստ այդմ հետեւողականորեն ու դիպուկ սնուցում այն, այս անգամ «բանավեճի» թեմայով:

Թեման լայնորեն վերածվել է հարաբերություններ պարզելուն: Եթե մի փոքր էլ շարունակվի, ապա վստահաբար հասնելու է մի փուլի, երբ նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները կամ համակիրները իրենց համար էլ գուցե աննկատ անցնելու են միմյանց հետ ուղղակի, թե անուղղակի «բանավեճի»:

Նիկոլ Փաշինյանը հմտորեն խթանում է «բոլորը բոլորի դեմ կռվի» մթնոլորտը, ճշգրտորեն յուղ լցնում եւ վառ պահում կրակը:

Սա իհարկե ժամանակակից քաղաքականության «ոսկե կանոններից» մեկն է՝ թելադրել մեդիատրենդներ, ներառյալ սոցցանցերը՝ որպես մեդիայի յուրօրինակ շերտ: Փաշինյանն առաջնորդվում է դրանով ու թելադրում մեդիատրենդը:

Իսկ ի՞նչ կանի նա, եթե օրինակ հասարակական-քաղաքական կյանքում նրա մրցակիցները ի վիճակի լինեն գալ կոնսենսուսի գոնե մի հարցում՝ դադարել սեփական քաղաքականությունը կառուցել «հարաբերություններ պարզելու» տրամաբանությամբ, եւ ըստ էության դիտարկել հարաբերության բացառապես մի գերակա ուղղություն՝ հանրություն, քաղաքացիներ, նրանց հետ հարաբերություն կառուցելու ռազմավարական խնդիր:

Եթե այն, ինչ նա խթանում է հմտորեն, դադարի լինել հասարակական-քաղաքական կյանքի սպասված «Ձմեռ պապը», ի՞նչ է անելու այդ դեպքում:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Պետք էր ոչ թե աղետից հետո «բանավեճ» առաջարկել նախկին նախագահներին, ակնհայտ քարոզչական նկատառումով, այլ նախկին նախագահների «կոնսիլիում» հրավիրել այն ժամանակ, երբ աղետն արդեն թակում էր դուռը:

Ի դեպ, այս մասին հիմա չէ, որ ասում եմ:

Դրա անհրաժեշտության մասին գրել եմ հենց 44-օրյայի ժամանակ, դրա համար է, որ հիմա էլ գրում եմ:

Իսկ համատեքստային առումով՝ գրել եմ նույնիսկ պատերազմից առաջ:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Պուտինը, որ երեք օր առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում բավականին նկատելի «կսմթեց» Իրանին՝ Սիրիայի հարցով, ՌԴ փոխվարչապետեր Օվերչուկի եւ Սավելյեւի հետ Իրանի նախագահ Փեզեշկիանին հղել է հրավեր՝ 2025-ի հունվարին այցելել Ռուսաստան:

Այս պահի դրությամբ չկա տեղեկություն՝ ընդունե՞լ է Իրանի նախագահը հրավերը, թե՞ ոչ: Բայց, կա տեղեկություն, որ Իրանի ԱԳ ներկայացուցիչ Բաղային հայտնել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարի կեսերին:

Այդ համաձայնագրի ստորագրում նախատեսվում էր դեռ ամռանը, սակայն եղավ նախագահ Ռեյիսիի ողբերգական մահը: Մոսկվան դրանից հետո պարբերաբար հույս էր հայտնում, որ Իրանի նոր իշխանությունը կմնա պայմանավորվածություններին հավատարիմ: Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը հայտարարում էր, որ նոր գործադիրը կշարունակի Ռեյիսիի քաղաքականությունը:

Ընտրվելուց եւ պաշտոնամուտից հետո այդ հավաստիացումներն արդեց նաեւ Մասուդ Փեզեշկիանը, սակայն ռուս-իրանական պայմանագիր տարվա ընթացքում այդպես էլ չստորագրվեց: Նախ սպասվում էր, որ դա կլինի Կազանում՝ հոկտեմբերի վերջին ԲՐԻԿՍ գագաթնաժողովի առիթով: Սակայն, դրանից օօրեր առաջ հայտնի դարձավ, որ Կազանում չի լինի ստորագրում եւ պայմանավորվել են, որ դրանից հետո Փեզեշկիանը առանձին այց կանի Մոսկվա մինչեւ տարեվերջ, որի ընթացքում էլ կլինի առավել հանդիսավոր ստորագրում: Բայց, այդ այցն էլ չեղավ:

Փոխարենը, նոյեմբերի վերջ եւ դեկտըեմբերի սկիզբ տեղի ունեցան հայտնի եւ շատ նշանային, ու բազմաշերտ իրադարձությունները Սիրիայի շուրջ: Եվ ահա, երեք օր առաջ մեծ ասուլիսում Պուտինի կսմիթները:

Այդ առիթով մի շարք անդրադարձեր ունեցա, նշելով, որ ինքս բացառում եմ, թե Պուտինը կարող էր այդ արտահայտությունները անել էմոցիոնալ կերպով: Նա թերեւս իրեն լավ հաշիվ էր տալիս, երբ հայտարարում էր, որ իրանամետ ստորաբաժանումները սիրիական կառավարական բանակի հետ նահանջել են առանց կռվի, կամ, որ Իրանը խնդրել է իր 4000-անոց կոնտինգենտը հանել Սիրիայից ռուսական օդաննավերով:

Առավել եւս, եթե նա ուներ Փեզեշկիանին հրավիրելու նպատակ, հազիվ թե գնար այդպիսի արտահայտություններով Իրանին թեկուզ «կսմթելու» քայլի: Հետեւաբար, չենք կարող բացառել, որ այդ հրապարակային «կսմիթները» ունեցել են հենց հրավերի նպատակը «սպասարկելու» մոտիվ, ի թիվս իհարկե այլ մոտիվների կամ տողատակերի:

Մի քանի օրից թերեւս պարզ կլինի, դա արդարացրե՞լ է իրեն, թե՞ ոչ:

Համենայն դեպս, ըստ իս, ռուս-իրանական ռազմավարական գործակցության համապարփակ պայմանագրի «առանցքում» մեծ հավանականությամբ կլինի Իրանի միջուկային «կարգավիճակի» հարցը, որի առնչությամբ հնարավոր է, որ Մոսկվան այդուհանդերձ Վաշինգտոնի հետ իր ընթացիկ եւ սպասվող քննարկումների օրակարգում դիտարկում է «պրոտեժեության» հարցը:🇷🇺🇮🇷🇺🇸

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴🔴 Իհարկե, ինչպես Փաշինյանի գրառումն է մանիպուլյատիվ՝ թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ «վերադարձնելու» մասին, այդպես էլ կամա, թե ակամա, բայց մանիպուլյատիվ են հայտարարությունները, թե Հայաստանը «ոչմիթիզականության» քաղաքականության հետեւանքով ստացել է պատերազմ:

Մանիպուլյատիվ է, որովհետեւ Հայաստանն ըստ էության երբեք չի վարել ոչմիթիզական քաղաքականություն: Քարոզչություն, որը պարունակել է ուղիղ կամ անուղղակի այդպիսի տոնայնություն՝ այո, քաղաքականություն՝ ՈՉ:

«Ոչմիթիզականության» քաղաքականությունը վարել է Ադրբեջանը, հենց սկզբից էլ դնելով ամբողջի խնդիր:

Читать полностью…

Hakob Badalyan

⚡️ Օրինակ, ինքնիշխանության՝ իրապես, աշխատանքային, բովանդակային, մտածողական ինքնիշխանության ի՞նչ էական բաղադրիչ է պակաս Հայաստանում:

Մտքի հայաստանյան ֆինանսավորում:

Ինչպես այս թեմայով արտահայտվել եմ բազմիցս, եթե հայաստանյան տնտեսա-քաղաքական վերնախավերի ճնշող մեծամասնությունը այդ գրեթե երեք տասնամյակի ընթացքում մեդիա-փորձագիտական դաշտում ըստ էության բամբասանք, մանիպուլյացիա, ձոն եւ այդօրինակ այլ «որակներ» պատվիրելու փոխարեն միտք պատվիրեր, թեկուզ յուրաքանչյուրն իր պատկերացումների եւ քաղաքական հաշվարկների համատեքստում, բայց պատվիրեր ՄԻՏՔ, Հայաստանը կունենար պետական բոլորովին այլ ճանապարհ եւ հանգրվաններ:

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Աբխազիայի շուրջ իրադարձությունները իհարկե եւս պետք է պահել ուշադրության կենտրոնում: Ընդդիմության բողոքի ուժգին ակցիաներից հետո ըստ էության ձեւավորվեց նոր, իհարկե ժամանակավոր իշխանություն, սակայն դրանով իհարկե ուշադրության արժանին չի սահմանափակվում:

Ռուսաստանը, որ ավելի վաղ դադարեցրել էր Աբխազիայի սոցիալական վճարների համար տրամադրվող ֆինանսավորումը, նաեւ անջատեց էներգիայի մատակարարումը: Աբխազիան կանգնեց լուրջ սոցիալական եւ էներգետիկ ճգնաժամի առաջ:

Դիմեցին Մոսկվային, հումանիտար էներգամատակարարում իրականացնելու համար: Հայտնել են, որ դեկտեմբերի 23-ից Մոսկվան կվերսկսի այդ մատակարարումը:

Ի՞նչ տեղի ունեցավ ըստ էության, գոնե առ այս պահը: Աբխազիայում այսպես ասած ընդդիմության ակցիաների միջոցով չեղարկվեց օրենքի ընդունումը, որով արտոնություն էին սահմանում ռուսաստանցի ներդրողների համար: Դա արդյո՞ք ներաբխազական կլանային պայքար էր, թե՞ պայքար էր գուցե Ռուսաստանի իշխանության տարբեր թեւերի միջեւ, որոնք շահերի բախում ունեին Աբխազիայում: Թե՞ դա Աբխազիան ճոճելու արտաքին փորձ էր, օրինակ Թուրքիայից՝ Ռուսաստանի հանդեպ ճնշման համար: Թուրքիայում կա ավելի քան 1 միլիոնանոց աբխազական համայնք: Թե՞ Թուրքիայի այդ հնարավորության միջոցով Արեւմուտքը փորձեց Վրաստանի ընտրությունից հետո ինչ որ բան ապակայունացնել նաեւ Աբխազիայում:

Հնարավոր են իհարկե տարբեր սցենարներ:

Եվ դրանց շարքում պետք չէ բացառել եւ այն, որ Ռուսաստանն ինքը կարող էր գեներացնել խմորումներ, դրանց միջոցով Աբխազիայի հանդեպ ճնշում բանեցնելու համար: Համենայն դեպս, անկախ, թե ով էր, ինչ էր, այս պահին կարծես թե ակնառու դարձավ, որ բավարար է Ռուսաստանը մի փոքր «անտարբեր» լինի Աբխազիայի հանդեպ, եւ այդ չճանաչված հանրապետությունը կհայտնվի շատ ծանր վիճակում: Ո՞վ պետք է այսպես ասած «տեր կանգնի» Աբխազիային, եթե դա չանի Ռուսաստանը: Ռուսաստանի դեմ այսպես ասած ինչ որ բան ճոճելու համար Աբխազիան կարող են օգտագործել, երբ «տերը» Ռուսաստանն է: Բայց, եթե Ռուսաստանը հետ է քաշվում, Աբխազիան հայտնվում է շատ ծանր վիճակում, որովհետեւ այլ «տեր» գտնելու հարցը շատ բարդ է: Արեւմուտքն ու Թուրքիան բնականաբար որեւէ կերպ չեն ստանձնի Աբխազիայի հետ հարաբերության պատասխանատվություն, մի շարք պատճառներով:

Այդպիսով, ի՞նչ պետք է անի Աբխազիան, եթե չենթարկվի Ռուսաստանին: Կմնա պարզապես «վերադառնալ» Վրաստանի հետ երկխոսության:

Եվ այստեղ առաջանում է հարց, արդյո՞ք Սուխումիին մղում են առնվազն դրա մասին մտածելուն, թե՞ ստեղծում իրավիճակ, երբ այնտեղ կհասկանան, որ Ռուսաստանի հնարավոր ծրագրերին ընդդիմանալը չունի որեւէ հեռանկար: Իսկ այդ ծրագրերի մաս կարող է լինել Վրաստան-Աբխազիա երկխոսություն խթանելը, ինչի մասին ակնարկել են նաեւ բաց տեքստով՝ դեռեւս Վրաստանում խորհրդարանի ընտրությունից առաջ:

Սրանք իհարկե բարդ հեռանկարի հարցեր են, ամենեւին ոչ աներկբա: Բայց, կրկնեմ, այդ ամենի վերաբերյալ եղել են արտահայտություններ, ինչպես նաեւ շատ նշմարելի է այդ հնարավոր սցենարների մոտիվացիոն հիմքը:

Ըստ այդմ,Աբխազիայի շուրջ իրադարձությունները թերեւս միայն նոր են սկսում, ըստ էության:

Իսկ այդ ամենը մեզ առնչվում է ուղիղ, որովհետեւ կախված այնտեղ սցենարային զարգացումներից, հիմնարար ազդեցություն է լինելու Կովկասում իրողությունների տրամաբանության վրա:

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴🔴 Նիկոլ Փաշինյանը ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնել է նաեւ, թե 2025-ին ակնկալում է հյուրընկալել նրան Հայաստանում:

Հայաստանի անկախության ավելի քան երեք տաասնամյակին «բաժին» է ընկել Ֆրանսիայի 5 նախագահ՝ Ֆրանսուա Միտերան, Ժակ Շիրակ, Նիկոլյա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ եւ Էմանուել Մակրոն:

Միտերանին թերեւս հարկ է առանձնացնել, քանի որ Հայաստանի անկախության մեկնարկին բաժին է ընկել նրա նախագահության վերջին չորս տարիները՝ 1991-1995, քանի որ Միտերանը Ֆրանսիայի նախագահ է եղել 1981-95 թվականներին: Այդ ժամանակ Ֆրանսիայում նախագահական ժամկետը 7 տարի էր:

Ֆրանսուա Միտերանը որեւէ այց չի կատարել Հայաստան, ինչը թերեւս ունի ժամանակաշրջանային օբյեկտիվ պատճառներ: Դա իր նախագահության ավարտի տարիներն էին, ընդ որում ուներ արդեն բավականին մեծ տարիք, եւ Հայաստանի անկախության առաջին, այն էլ պատերազմական բարդ տարիներն էին:

Միտերանին հաջորդած բոլոր նախագահները իրենց նախագահության ընթացքում Պետական այցով եղել են Հայաստանում: Ժակ Շիրակը այցելել է 2006 թվականի սեպտեմբերին: Ընդ որում, նրա այցի ընթացքում Հանրապետության հրապարակում կայացավ նաեւ Մեծի՝ Շարլ Ազնավուրի տպավորիչ համերգը:

Նիկոլյա Սարկոզին Պետական այցով Հայաստան է ժամանել 2011 թվականի հոկտեմբերին:

Ֆրանսուա Օլանդը Պետական այցով Հայաստան է ժամանել 2014 թվականի մայիսին:

Էմանուել Մակրոնը, որ Ֆրանսիայի նախագահ է 2017 թվականից, առ այսօր Պետական այցով չի ժամանել Հայաստան: Նա Հայաստան է եկել 2018 թվականին՝ աշխատանքային այցով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով: Ի դեպ, այդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռեւս 2018-ից շատ առաջ եւ այդ որոշման հարցում բավականին մեծ է եղել նախկին արտգործնախարար Նալբանդյանի դերը:

Մակրոնի հնարավոր այցի մասին խոսակցություն մի քանի անգամ ծավալվել է 44-օրյա պատերազմից հետո: Հիշարժան է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի հարցազրույցում արտահայտված միտքը, եթե չեմ սխալվում՝ 2021 թվականին, որ՝ Մակրոնը կայցելի Հայաստան, երբ լինի ռեգիոնալ՝ այսինքն նաեւ Ադրբեջան այցի հնարավորություն:

Այդ ժամանակ իհարկե Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունը լարված չէր: Ավելին, Ֆրանսիայի նախագահը էական դեր ունեցավ Պրահայի հայտնի հանդիպմանը, երբ դրանից որոշակի ժամանակ անց հայտնի դարձավ, որ դրա ընթացքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Այժմ, ինչպես հայտնի է, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունը լարված է:

Մակրոնի այցի մասին խոսակցություն ծավալվեց 2024-ի սեպտեմբերի 21-ին ընդառաջ: Մամուլում եղան հրապարակումներ, թե նա իբր կայցելի Հայաստան Անկախության տոնի առիթով:

Սակայն, առ այսօր Ֆրանսիայի նախագահը, ի տարբերություն իր նախորդների, Պետական այցով չի եղել Հայաստանում:

Կլինի՞ 2025-ին, եւ կայցելի՞ Մակրոնը միայն Հայաստան, որովհետեւ Ադրբեջանի հետ հարաբերության ներկայիս դրսեւորումները շատ բարդ պատկերացնելի են դարձնում նրա այց նաեւ Ադրբեջան:

Այստեղ հարկ է նկատել, որ Ֆրանսիայի նախկին նախագահներից միայն Ժակ Շիրակն է, որ պետական այցով ժամանելով Հայաստան, չի այցելել Ադրբեջան: Թե Սարկոզին, թե Օլանդը Հայաստան կատարած իրենց պետական այցերը իրականացրել են ռեգիոնալ տրամաբանությամբ եւ Հայաստանից հետո առնվազն մի քանի ժամով այցելել են նաեւ Ադրբեջան: Իհարկե, Ադրբեջան նրանք այցելել են ոչ թե պետական, այլ պաշտոնական այցի ձեւաչափով:

Նկատեմ, որ պետական այցը օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի բարձրագույն մակարդակն է, որի ժամանակ առանձնահհատուկ նշանակություն եւ ընդգծում է ստանում քաղաքական բաղադրիչը:

Ի դեպ, Ֆրանսուա Օլանդը Հայաստանից Ադրբեջան է մեկնել թե 2014 թվականին՝ իր պետական այցի ընթացքում, թե նաեւ 2015-ին, երբ Հայաստան էր ժամանել ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Ապրիլի 24-ին լինելով Հայաստանում, 25-ին նա մեկնել էր Բաքու: 🇦🇲🇫🇷

Читать полностью…

Hakob Badalyan

🔥 Թեւպետ Մինսկի խմբի համանախագահության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի գնահատականը արժանացել է բաավականին քննադատության, այդուհանդերձ իմ գնահատմամբ ներկայիս շրջափուլում նրա արձագանքը օպտիմալ է: Կրկնեմ, եթե դատենք հրապարակային արձագանքով եւ չունենանք հետնաբեմային լրիվ այլ պատկեր:

Մասնավորապես, Փաշինյանն ասում է, որ Մինսկի խումբը ստեղծվել է, որովհետեւ եղել է կոնֆլիկտ, հետեւաբար՝ Մինսկի խումբ եւ համանախագահություն չլինելու համար, պետք է չլինի կոնֆլիկտ:

Իհարկե, Հայաստանը կարող է դնել Մինսկի խմբի համանախագահության, դրա մանդատի իրացման, պատասխանատվության հարցեր: Բայց, այսօր դրանք բացարձակապես չեն ունենալու որեւէ էֆեկտիվություն, որովհետեւ այդ հարցերն այսօր անցանկալի են առաջին հերթին ոչ թե Բաքվի, այլ հենց համանախագահ երկրների, Մինսկի խմբի անդամների համար:

Իսկ գործածել հռետորաբանություն, որը ոչ միայն պահանջարկ չունի համանախագահների մոտ, այլ հակառակը՝ անխուսափելիորեն խարունակելու է դիտողություն նրանց հասցեին, ըստ իս՝ էֆեկտիվ չէ, արդյունավետ չէ:

Հետեւաբար, այս շրջափուլում, իմ գնահատմամբ, Հայաստանի առաջ մանեւրի խնդիր է՝ այդ կերպ խուսափել Ադրբեջանի պայմանից, ուղիղ կերպով չմերժելով այն եւ այդ կերպ Բաքվին չտալով այդ մերժումը ուղիղ ագրեսիայի նախադրյալ ծառայեցնելուն:

Ըստ այդմ, մոտեցումը, որ խմբի լուծարումը պետք է լինի կոնֆլիկտի լիարժեք հանգուցալուծման արդյունք, թերեւս այդ շրջափուլում օպտիմալն է, որ պաշտոնական մակարդակում կարող է անել Հայաստանը:

Իհարկե, ընդդիմության մակարդակում, հասարակական նախաձեռնությունների մակարդակում դիրքորոշումներն ու գնահատականները կարող են, եւ պետք է լինեն առավել սուր եւ ուղիղ, ու Հայաստանն այդ մակարդակում պետք է շեշտադրի Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի համար Մինսկի խմբի եւ դրա համանախագահ երկրների պատասխանատվության հարցը:

Ինչպես նշել եմ, Մինսկի խմբի համանախագահությունը Ադրբեջանի «հանցանքի հետքերից» մեկն է եւ Հայաստանի խնդիրն է իհարկեե թույլ չտալ, որ այն ջնջվի:🇺🇸🇫🇷🇷🇺

Читать полностью…

Hakob Badalyan

🔥 Ֆեյսբուքի «հիշողությունների» մեխանիզմը հիշեցրել է 2022 թվականի դեկտեմբերի այս օրերը, երբ հայ հանրությունը «ցնծում էր», կամ ավելի ճիշտ կլինի ասել հայ հանրությանը «ցնծացնում» էին մի շարք մարդիկ եւ խմբեր՝ Լաչինի արգելափակված միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստով եւ կոչով:

Լաչինի միջանցքը փակ էր արդեն մոտ տասն օր, եղավ ՄԱԿ ԱԽ նիստ, որը բնականաբար դատապարտեց մարդասիրական խնդիրներ ստեղծող այդ որոշումն ու կոչ արեց բացել:

Հայաստանում գեներացվող «դիվանագիտական հաղթանակի» մատուցման ֆոնին արտահայտվեցի, որ այդ նիստն ու կոչը դիվանագիտական հաղթանակ որակելը գրեթե ինքնախաբեություն է, կամ նշանակում է մեր իսկ ձեռքով իջեցնել մեր դիվանագիտական նշաձողերը, եթե այդօրինակ կոչերը մենք համարում ենք դիվանագիտական հաղթանակ:

Ընդ որում, ՄԱԿ ԱԽ այդ նիստից առաջ էլ, երբ Հայաստանում հնչում էին ձայներ, թե հարցը պետք է անպայման տանել ՄԱԿ ԱԽ, արտահհայտվում էի, որ չի կարող ՄԱԿ ԱԽ-ն լուծել Լաչինի միջանցքի ապարգելափակման հարց, որովհետեւ այդ ԱԽ հինգ մշտական անդամները միմյանց հետ զբաղված են համաշխարհային նոր վերաբաժանման, այդ թվում հիբրիդային համաշխարհային պատերազմի ռեժիմով:

Հիմա կարդում եմ, թե ինչպես էին որոշ ֆեյսբուքյան հարգարժան օգտատերեր ինձ նախատում էին մեր հաջողությունը «նսեմացնելու» համար:

Հետո գործնականում նույն մարդիկ նախատում էին, երբ թերահավատորեն վերաբերեցի արդեն 2023 թվականի հունվարին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի այն հորդորին, որ նա արել էր Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում՝ «անհապաղ բացել Լաչինի միջանցքը»:

Հայաստանում նույնիսկ քիչ էր մնում նկարագրեին հանրությանը, թե Ալիեւի հետ ինչ սարսափելի բաներ են տեղի ունենալու, եթե նա չենթարկվի այդ «անհապաղ» հորդորին:

Հետո, ինչպես հիշում եք, 2023-ի ամռանն արդեն սկսվեց դաշտ նետվել այն, որ՝ ինչ-ինչ, բայց «էթնիկ զտումը» դա այն կարմիր գիծն է, որ թույլ չի տա ԱՄՆ, անգամ ասվում էր, թե պատժամիջոցները պատրաաստ են՝ հենց եղավ զտում, կկայացվեն դրանց վերաբերյալ որոշումներ:

Ինչու՞ եմ վերստին հիշեցնում այդ ամենը:

Երբ մենք մեզ ներշնչում ենք որեւէ միջազգային կառույցի կամ դերակատարի վերաբերյալ չափազանցված, անիրատեսական, սառը հաշվարկկի վրա չհիմնված սպասումներ, իսկ հետո հայտնվում կոտրած տաշտակի առաջ, ապա մենք ենք դրա համար մեղավորը, այլ ոչ թե մեզ «խաբողը»:

Գերտերությունները չեն խաբում: Ոչ թե որովհետեւ ազնիվ են ու անկեղծ՝ դրանք բացարձակապես աշխարհաքաղաքական կատեգորիա չեն: Պարզապես, նրանք մեզ «խաբելու» կամ «հուսախաբ» անելու խնդիր չունեն էլ: Եթե ունենան, եթե հասնեն դրա մասին մտածելուն, ապա գուցե նույնիսկ անհարմար զգան ու այլեւս չանեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանց հաշվարկների եւ հայեցողության տրամաչափն ու մեր «հույսերի» տրամաչափերը այնքան անհամադրելի են, որ նրանց համար «տեսանելի» էլ չեն:

Հետեւաբար, վերստին պետք է գալ այն մտքին, որ մեր տեղն ու դերը որեւէ գերտերության չափումների համակարգում, հիմնավորապես կախված է մեր տրամաչափից՝ մեր մտածողության, աշխարհայացքի, աշխարհընկալման, մեր հավաքական կոմպետենտության տրամաչափից, հետեւաբար այն տրամաչափից, որ մենք կարող ենք ստանալ մեր պետական կենսունակության իմաստով՝ իրացնելով մեր հանրության ստեղծարար ներուժը բոլոր ասպարեզներում:

Այն կա, այն ամենեւին քիչ չէ: Ավելին, մեր պետության մասշտաբի, ժողովրդագրական պատկերի համեմատ այն նույնիսկ տեսակարար կշռով բավականին շատ է: Այլ հարց է, որ մենք ունենք այդ ներուժի կապիտալիզացիայի կայուն մեխանիզմներ ձեւավորելու անընդունակ քաղաքական ու տնտեսական կառավարող վերնախավ, եւ՝ վերնախավեր:

Եվ հակառակը, ցավոք մենք այսօր տեսնում ենք նույնիսկ, որ տեղի է ունենում մեր այդ ներուժի պրիմիտիվացման քաղաքականություն:

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴🔴 https://youtu.be/Pdx9X3_tTp8?si=E6T86c8egQ73vR8f

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Բլումբերգը հրապարակում է արել, գրելով, որ ԵՄ-ն եւ Ուկրաինան մեղադրում են Ջո Բայդենին, որ նա 2022 թվականի աշնանը չօգնեց Ուկրաինային հաղթել՝ երբ Ռուսաստանի դրությունը ռազմաճակատում լավ չէր:

Վստահ չեմ, թե որքան ստույգ է հեղինակավոր գործակալության տեղեկատվությունը՝ Բայդեմնին ուղղված ԵՄ եւ Ուկրաինայի մեղադրանքի մասով, բայց, եթե կա այդպիսի մեղադրանք, ապա դա մեղմ ասած կարող է խոսել միայն մեղադրողների քաղաքական, իսկ գուցե նաեւ ընդհանրապես անմեղսունակության մասին:

Երբ որեւէ մեկը մեղադրում է ԱՄՆ-ին, որ չի օգնել իրեն հաղթել Ռուսաստանին, դա նույնիսկ միայն քաղաքական անմեղսունակություն չէ, այլ ընդհանրապես անմեղսունակություն:

Եվ ի դեպ, վերստին հիշեցնեմ, որ մինչեւ ուկրաինական պատերազմի բռնկումը, ԱՄՆ ու Ռուսաստանը վեց ամիս՝ 2021 թվականի հունիսից, բանակցել են տարբեր մակարդակներով, սկսած Բայդեն-Պուտին, մինչեւ միջին դիվանագիտական օղակներ: Այդ ամենից հետո, Ռուսաստանը 2021-ի աշնանը ներկայացրեց հայտնի պահանջը, որ ՆԱՏՕ-ն հետ քաշվի 1997-ի սահմաններ:

Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանում հիմա՞ր էին, չհասկանալու համար, որ չի կարող լինել այդպիսի քաղաքական որոշում: Իհարկե ոչ: Դա ամերիկա-ռուսական վեցամսյա բազմաշշերտ բանակցության «արդյունքն» էր, այսինքն՝ սկսում է պատերազմ այդ «պերիմետրով»:

Եթե Եվրամիությունն ու Ուկրաինան ի վիճակի չեն եղել հասկանալ, թե ինչ է կատարվում, թե ինչ մասշտաբի են խաղադրույքները, ապա դրա մեղքը ոչ թե Բայդենինն է, այլ՝ չհասկացողներինը:

Եվ, եւս մեկ «ի դեպ». 2022-ի փետրվարից առաջ ուշադիր հետեւում է Ուկրաինայում հասարակական կարծիքքի ձեւավորման պրոցեսին, հիմնական դերակատարների, հարթակների «կազմին»: Ուրեմն, գործնականում ամենուր տոն տվողները Ռուսաստանից հեռացած «նյուզմեյքերներ» էին, որոնք ուկրաինական հանրությանը համոզում ու հավաստիացնում էին, որ Մոսկվան չի ներխուժի Ուկրաինայի տարածք, որ սահմանին կուտակված զորքը բավարար չէ դրա համար, որ չի գնա Ուկրաինայի դեմ մասշտաբային պատերազմի:

Իսկ այսօր արդեն, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարում է, որ ուկրաինացիները պետք է հիմնարար որոշում կայացնեն՝ բանակցե՞լ ռուսների հետ, թե՞ շարունակել պատերազմել: 🇺🇸🇷🇺🇪🇺🇺🇦

Читать полностью…

Hakob Badalyan

💥 Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է արվել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Սա ուշադրության արժանի որոշում է, քանի որ Վաչե Տերտերյանին ըստ էության հնարավոր է գնահատել որպես «Կամո Արեյան-2»: Այսինքն, Տերտերյանը տարածքային կառավարման նախարարության փոխնախարարի պաշտոնին է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Այդ ընթացքում նախարարությունը ենթարկվել է կառուցվածքային ու անվանական փոփոխությունների, փոխվել են շատ նախարարներ, այդ թվում քաղաքական շարժառիթներով, բայց Վաչե Տերտերյանն իր պաշտոնում եղել է «անձեռնմխելի»:

Իհարկե այս պարագայում նրա «անձեռնմխելիության» հիմքը թերեւս եղել է ոչ թե ինչ որ ազդեցիկ հովանի, այլ նրա մասնագիտական, պաշտոնեական պիտանելիության բարձր աստիճանը, տարածքային կառավարման ոլորտում նրա կոմպետենտությունը եւ իրերի դրությանն ու խնդիրներին տիրապետելու կարողությունը:

Ահա այս առումով էլ հատկանշական է, որ պաշտոնանկ է լինում այդ հետագծով փոխնախարարը: Նա ի՞նքն է կամեցել թողնել պաշտոնը, թե՞ դա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է:

Ընդ որում, ուշադրության է արժանի, որ Տերտերյանը պաշտոնանկ է լինում փաստորեն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանի փոխարեն նշանակեց ՏԿԵՆ նոր նախարար՝ Դավիթ Խուդաթյան: Արդյո՞ք Տերտերյանի պաշտոնանկության «նախաձեռնությունը» գալիս է որ նախարարից, կամ Փաշինյանը փորձում է նախարարությունից հեռացնելով իրապես իր հետագծով կշիռ ունեցող Տերտերյանին, այսպես ասած ավելի անկաշկանդ միջավայր է ապահովում նորանշանակ նախարարի համար:

Читать полностью…

Hakob Badalyan

🔴🔴🔴 Մեկ տարի առաջ գրառումս Ֆեյսբուքում, որը կարծում եմ այսօր էլ ըստ էության արդիական է, ցավոք սրտի👇

«Զուտ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով հրապարակ է բերվում չափազանց վտանգավոր խոսույթ այն մասին, թե Հայաստան կառուցելու փոխարեն՝ կառուցել ենք Լեռնային Ղարաբաղ, դրան ուղղելով ռեսուրսների 70 տոկոսը, այն դեպքում, երբ նպատակը՝ ըստ խոսույթի հեղինակի, եղել է անիրագործելի:

Միաժամանակ, «պաշտոնականացվում» է առավելապես «բակային» մակարդակում տարածված այն միտքը, որ արցախյան հարցը «ԿԳԲ»-ն օրակարգ է բերվել որպես Հայաստանի դեմ թակարդ:

Ի դեպ, նույն այդ տրամաբանության շրջանակում էլ այսօրվա ընդդիմությունն է «փաստարկում», որ 2018 թվականի իրադարձություններն են եղել այլ հատուկ ծառայությունների պլանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Բոլորն էլ ճի՞շտ են:

Չգիտեմ: Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ: Ո՞վ գիտե ճիշտը: Ոչ ոք, առավել եւս հանրությունը:

Ասել, թե այդ ամբողջը ԿԳԲ-ն էր, ՑՌՈՒ-ն էր, Մոսադն էր, ՄԻ6-ը կամ թուրքական հետախուզությունն էր, ըստ էության նշանակում է չասել ոչինչ: Մի բան պարզ է, որ վերը թվարկածներից եւ այդօինակ որեւէ այլ կառույցից որեւէ մեկը շահագրգռված չէ հայկական ամուր պետականության գոյությամբ:

Բոլորին հետաքրքրում է միայն իր ազդեցության գոտում գտնվող հայկական պետականությունը: Դրա համար նրանք դրել են, ու պարբերաբար դնելու են մեր պետականության առաջ խնդիրներ, հնարավորինս բարդ, անլուծելի թվացող խնդիրներ:

Պետական էլիտաների գլխավոր առաքելությունը այդ խնդիրները լուծելն է, այլ ոչ թե հիմնովին տապալելուց հետո՝ դրանք անլուծելի հայտարարելը, եւ պատասխանատվությունը քարի նման միմյանց վրա նետելը»:

Читать полностью…
Подписаться на канал